Վերաքննիչն անփոփոխ թողեց դերասանի գործով դատավճիռը
Վերաքննիչ դատարանն այսօր անփոփոխ թողեց Կոտայքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը Վարդան Պետրոսյանի գործով: Դերասան Վարդան Պետրոսյանը հունվարի 29-ին դատավոր Վաղինակ Մկրտչյանի վճռով դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման, ինչպես նաև 2 տարով զրկվել էր տրանսպորտային միջոց վարելու իրավունքից։ Նշենք, որ տուժողների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը Վերաքննիչ դատարանից պահանջել էր Վարդան Պետրոսյանի դատավճիռը 5-ից դարձնել 6, ինչպես նաև նրան վարորդական իրավունքից զրկել ոչ թե 2, այլ 3 տարով։ Ավելացնենք, որ մեղադրող դատախազ Արթուր Սարգսյանն էլ Վերաքննիչ դատարանից պահանջում էր ավելի խիստ պատիժ կիրառել դերասանի նկատմամբ՝ պնդելով, որ Առաջին ատյանի դատարանի` 5 տարվա ազատազրկման վճիռը մեղմ է: Դատախազն, այնուամենայնիվ, չէր հստակեցրել, թե քանի տարվա ազատազրկում է պահանջում դերասանի համար։