«Օտար համարներով մեքենաները լկտի ձևով են վարում». պատգամավոր
ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահան Բաբայանը Խորհրդարանում հարց ու պատասխանի ժամանակ հայտնեց, թե մայրաքաղաքում օտար համարներով բազմաթիվ մեքենաներ են շրջում։ «Լկտի ձևով վարում են մեքենաները։ Շատ բնակիչներ դիմել են ինձ։ Արդյո՞ք նման մարդիկ տուգանվում են, թե ինչպես ուզում, վարում են, հետո հեռանում Հայաստանից։ Սա անվտանգության հարց է։ Ինչո՞ւ են շատացել այդ համարները, պատասխանատվություն կրո՞ւմ են, թե՞ ոչ։ Նա կոչ արեց պատկան մարմիններին՝ ուշադրություն դարձնել այս հարցին։ Իսկ ՕԵԿ պատգամավոր Մհեր Շահգելդյանն իր հերթին անդրադարձել է արտագաղթի խնդրին։ « 2013 թվին բացասական սալդոն կազմել է 42.000, 2014-ին՝ 47.000։ Արտագաղթողների թիվն ավելացել է 11 տոկոսով։ Հեռանում են աշխատելու ունակ մարդիկ»։ Նա շեշտեց, որ արտագաղթի պատճառներից մեկը գնաճն է, որը 4,6 տոկոս է կազմել այս տարի։ Իսկ տրանսֆերտները նվազել են մոտ 20 տոկոսով։ «Խնդրի դեմ պայքարի համար ոչ իմիտացիոն, այլ իրական քայլեր են պետք։ Այս ձևով երկիրն արյունաքամ է լինում»,-եզրափակել է գործիչը։