Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դասական երաժշտության միջոցով՝ ամբողջ աշխարհին

Մշակույթ
dasakani-nkar

«Երևանյան հեռանկարներ» միջազգային փառատոնի նախաձեռնությամբ Նյու Յորքում, Բրյուսելում, Տալինում և Երուսաղեմում տեղի են ունեցել «Քեզ հետ, Հայաստան» խորագիրը կրող դասական երաժշտության համերգներ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակին։ «Երևանյան հեռանկարներ» միջազգային փառատոնի տնօրեն Ստեփան Ռոստամյանը նշում է, որ այս համերգների անցկացումը կարևոր է հատկապես այն պատճառով, որ դասական երաժշտության միջոցով միջազգային լսարանը տեղեկանում է Հայոց ցեղասպանության մասին։ «Սա նմանը չունեցող պրոյեկտ է ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում, որովհետև միանգամից գրավել մոլորակի բեմերը և ունենալ աշխարհի մեգաաստղերի մասնակցությունը, ոչ միայն դժվար է, այլև ռիսկային»,- ասում է Ռոստամյանը։ Ըստ նրա՝ համերգներին ներկա են գտնվել նաև հանրահայտ երաժշտական քննադատներ, մասնագետներ։ «Նյու Յորք Թայմսի գլխավոր երաժշտաքննադատը ևս ներկա էր, նրա աչքերից ոչինչ չի վրիպում և ոչ ոքի նա չի խնայում, հավատացեք, որ նրա քաջալերիչ խոսքերը մեզ համար իսկապես հուզիչ էին»,- նշում է Ստեփան Ռոստամյանը։ Նշենք, որ մայիսի 26-ին Նյու Յորքում «Քարնեգի» համերգասրահում մեծ շուքով անցկացվել է շքեղ համերգ, որի ընթացքում հանդես են եկել աշխարհահռչակ կատարող Եվգենի Կիսինը և «Հովեր» երգչախումբը։ Ավելացնենք, որ համերգաշարերի ընթացքում ելույթ են ունեցել այնպիսի կոլեկտիվներ, ինչպիսիք են՝ Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախումբը, Լոնդոնի թագավորական ֆիլհարմոնիկ նվագախումբը, «Լա Սկալա» ֆիլհարմոնիկ նվագախումբը, Զայցբուրգի երգչախումբը և այլն։