Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գրաֆիկայից մինչև պլաստիլինով գործեր՝ բերձորցի աշակերտների կողմից (տեսանյութ)

Մշակույթ
cucasrah-1

Դժվարին պայմաններում ապրող երեխաներին առօրյան չի ստիպել շրջապատին նայել տխուր ու գորշ աչքերով։ Երևանի «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում բացվեց Արցախի Բերձոր քաղաքի արվեստի դպրոցի աշակերտների նկարների ցուցահանդեսը։ Ներկայացված են գրաֆիկայից մինչև պլաստիլինով արված գործեր։ Մուրադյան ընտանիքը 2010 թվից է համագործակցում Բերձորի դպրոցի հետ։ «Սա երեխաների երկրորդ ցուցադրությունն է։ Առաջինը Գեղարվեստի ակադեմիայում է եղել»,- պատմեց պատկերասրահի հիմնադիր-տնօրեն Զարուհի Մուրադյանը։ Երեխաներին հորդորել է ավելի լավ աշխատել, որպեսզի մյուս տարի էլ նման ցուցադրություն կազմակերպվի։ cucasrah «Ես կարևորում եմ ազատագրված տարածքներում գտնվող այս արվեստի օջախի լինելը, երեխաների ստեղծագործելը, նրանց ազատ ժամանցը լցնելը։ Չէ որ այնտեղ ծնողները բավականին ծանր կյանքով են ապրում և եթե ծնողը գիտի, որ երեխան դասերից հետո մտնում է արվեստի դպրոց և ստեղծագործում, դա շատ կարևոր է»,-շեշտեց պատկերասրահի տնօրենը։ Պատանի նկարիչները վերջին շրջանում նոր նյութերով են աշխատել։ Տիկին Մուրադյանին հատկապես ապշեցրել են նրանց նատյուրմորտները։ cucasrah 2 Իսկ արվեստի դպրոցի կերպարվեստի բաժնի ուսուցչուհի Տաթևիկ Բաբայանն ընդգծեց, որ սա աշակերտների՝ տարվա ընթացքում կատարված աշխատանքների հանրագումարն է։ Իսկ թե որոնք են դպրոցի հիմնական խնդիրները, նշեց. «Նկարչական նյութերի խնդիր կա, որովհետև Բերձորում չկան համապատասխան խանութներ։ Այստեղից ենք ձեռք բերում, որպեսզի երեխաները կարողանան աշխատել։ Դպրոցի ֆինանսական խնդիրներն էլ թույլ չեն տալիս, որ շատ կարողանանք գնել»։ Ի դեպ, պատկերասրահ այցելողները կարող են իրենց դրամական ներդրումն ունենալ, որը կծառայի ստեղծագործ երեխաների համար նկարչական պարագաների ձեռքբերմանը։ Այսօր երեխաները եղել են նաև Ռուսական արվեստի թանգարանում, որտեղ անվճար ծանոթացել են ներկայացված արվեստի գործերին։ Իսկ վաղը նրանք կայցելեն Մատենադարան։