«Ջրաշխարհ»-ում ստուգումներ են անցկացվում. զգուշացում՝ մասնագետից
Առողջապահության նախարարությունը «Ջրաշխարհ» համալիրում թեմատիկ ստուգումներ է անցկացվել, պատասխանները, սակայն, կլինեն մեկ շաբաթից։ «Կատարվել են լաբորատոր հետազոտություններ», -այս մասին «Ա1+»-ին հայտնեց ԱՆ աշխատակազմի Առողջապահական պետական տեսչության հիգիենայի բաժնի գլխավոր մասնագետ Սիլվա Սեւոյանը։ Մինչ պատրաստ կլինեն այդ հետազոտությունների պատասխանները, գլխավոր մասնագետը ցանկանում է ծնողներին եւս մեկ անգամ խորհուրդ տալ արգելել երեխաներին լողալ դեկորատիվ ջրավազաններում։ «Դրանք բավականին մեծ վտանգ են պարունակում այն իմաստով, որ ամառվա ամիսներին հատկապես ախտածին մանրէները բավականին արագ աճ են տալիս եւ երեխաները, լողալով արհեստական, բաց ջրամբարներում ոչ միայն հնարավոր է ջուր կուլ տան եւ աղեստամոքսային խանգարումներ ունենան, այլ նաեւ մաշկի վրա կարող են առաջանալ ախտածին միկրոբներ, որոնք հետագայում կարող են մաշկային հիվանդությունների պատճառ դառնալ»,- նշեց նա։ Իսկ ինչ վերաբերում է նրան, որ լողավազաններում քլորի քանակը շատ է լինում, եւ այցելուների աչքերը կարմրում են, նա նշում է, որ քլորի պահանջվող քանակը հիմնականում պահպանվում է, իսկ հետեւանքը շատ անհատական է։ «Ջրին տրվող քլորի քանակը լինում է ավտոմատ ձեւով, ջրավազաններն ունեն նաեւ օզոնային սարքավորումներ, որոնք օգտագործվում են ջրի վարակազերծման համար»,- նշեց Հիգիենայի բաժնի գլխավոր մասնագետը։ Նա խորհուրդ տվեց հաճախել ջրի մանրէազերծումը ճիշտ կազմակերպող ջրավազաններ։