Պատժել բառը վիրավորել է ոստիկանների արժանապատվությունը (տեսանյութ)
Քաղաքացիական հագուստով ոստիկանների նկարներն ընդամենը մի քանի րոպեով են սոսնձված մնացել ։ Ակտիվիստներն այս ակցիայով պահանջում են պատժել նկարների հերոսներին՝ որպես հունիսի 23-ի բռնությունն իրականացնողների։ Նկարները փակցնելու մասին հայտարարություն արվել էր հուլիսի 14-ի «Ոչ թալանին» նախաձեռնության ակցիայի ժամանակ։ Մինչ ակտիվիստները կիրականացնեին այն, անհայտ անձիք արդեն ակցիաներին մասնակից երիտասարդների նկարները՝ վիրավորական արտահայտություններով փակցրել էին Երեւանում. «Ինձ մոտ ծիծաղ է առաջացրել, ամեն ինչ անլուրջ էր ու խղճուկ։ Ակնհայտ է, որ սա աբիժնիկի քայլ է»,-ասաց Մաքսիմ Սարգսյանը։ Ակտիվիստները վստահ են՝դրանք փակցրել են ոստիկանության աշխատակիցները. «Այդքան քաղաքացու բնակավայրերի հասցեները ճշտելը, տանել բակերում փակցնելը, ոչ մի քաղաքացի չէր կարող կարճ ժամանակում աներ»,-մեզ հետ զրույցում ասաց ակտիվիստը։ Երիտասարդները ոստիկանություն չեն դիմելու՝ նկարներ փակցնողների ինքնությունը հստակեցնելու համար. «Քանի որ իրենք են արել այդ քայլերը, չեմ կարծում, որ մի բան կանեն, ավելին՝ դիմելուց հետո էլ վստահ եմ՝ ոչինչ չեն անի»։ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Միհրան Ավագյանն էլ ասաց, որ իրենց բակում եղել են տեսախցիկներ, որոնց միջոցով կարող է ոստիկանությունը գտնի նկարները փակցնողներին։ Ոստիկանները արգելում էին ակտիվիստներին իրենց գործընկերների լուսանկարները պատերին փակցնելը՝ հայտարարելով, որ այդ կերպ խախտվում է պատկերվածների եւ նրանց ընտանիքների արժանապատվությունը. «Իսկ ամսի 23-ին այնտեղ նստած մարդիկ ընտանիքներ չունեի՞ն։ Որեւէ մեկը կարիք ունե՞ր լսելու այդ այլանդակ հայհոյանքները։ Եթե իրենց ընտանիքներում պատժել բառը կարող են համարել վիրավորանք իրենց անձի հանդեպ, ապա այդ հայհոյանքներն ի՞նչ կհամարեն»,-ասում է Մաքսիմ Սարգսյանը։ Ի դեպ, ոստիկանության աշխատակիցները երեկվանից բոլոր նկարները պատռել են թողնելով միայն մեկը, որում գրված էր.«Մեր քույրերը եւ եղբայրներն են»։