Պահեստազորի գնդապետին մերժել են (տեսանյութ)
Անկախ հանձնաժողովը օրեր առաջ մերժել է պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին վաղաժամկետ ազատ արձակելու ՔԿՀ-ի միջնորդությունը։ Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը նրան դատապարտել էր 6 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչելով խարդախության մեջ։ Սակայն Վոլոդյա Ավետիսյանը իրեն մեղավոր չի ճանաչել եւ պնդում է, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։ «Արդյունքում չկատարած հանցանքների համար Վ. Ավետիսյանը ոչ միայն դատապարտվեց, այլ նաեւ ստացավ ակնհայտ խիստ պատիժ, հիմա էլ հանձնաժողովը մերժում է նույն դրդապատճառներից ելնելով»,- «Ա1+»-ին ասաց պաշտպան Արա Զաքարյանը։ Պաշտպանը նշում է, որ մերժման հիմքն էլ պատճառաբանված չէ։ Դեռ ավելին՝ հանձնաժողովի անդամների մեծ մասը երբեք չի հանդիպել դատապարտյալի հետ. «Մեր մոտ մեկը գալիս է ձեւականորեն 5 րոպե, 2 րոպե, 3 րոպե նստում մեկի հետ զրուցում է, որպեսզի ուղղակի երեւա շարժը, որ եկել են, գնում է հանձնաժողովին ինչ է ներկայացնում, հասկանալի չէ, հիմա բավականին լուրջ կոռուպցիայի վտանգ կա հանձնաժողովում եւ հանձնաժողովը միանշանակ որոշում է սրան ազատ արձակել, սրան՝ ոչ»։ Ի դեպ, ազատամարտիկի գործը մոտակա ժամկետներում ներկայացվելու է ՄԻԵԴ։