Անի Մաջնունյանի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևանի բնակչուհի Անի Մաջնունյանի սպանության դեպքի առթիվ։ 2015 թվականի օգոստոսի 5-ին ահազանգ է ստացվել, որ Աջափնյակ վարչական շրջանի բնակելի բազմահարկ շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է կնոջ դի։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ Սահակ Գրիգորյանի գլխավորությամբ։ Բնակարանի ննջարանի հատակին հայտնաբերվել է տանտիրուհու՝ 1960թ. ծնված Անի Մաջնունյանի դիակը՝ կտրող-ծակող առարկայով պատճառված բազմաթիվ մարմնական վնասվածքներով։ Դիակի զննությամբ հայտնաբերվել է դանակի շեղբ՝ մարմնի մեջ։ Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ տան իրերն ամբողջությամբ եղել են տակնուվրա արված, կահույքի դարակները՝ հանված, հագուստները՝ թափթփված։ Դեպքի առթիվ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով՝ (սպանություն՝ զուգորդված ավազակությամբ)։ Դեպքի վայրից վերցվել են փորձանմուշներ, նշանակվել փորձաքննություններ։ Մշակվել են աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ կատարվում է քննություն։ Արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։ ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին