Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բազե»-ում աշխատանքի համար հումորիստ Արմուշին 50.000 դրամ են վճարելու (տեսանյութ)

Հասարակություն
photo8852-07-09-19h05m03s173

Բազեն այս տարի կճախրի օգոստոսի 17-23-ը՝ Ծաղկաձորում։ 13-րդ անգամ անցկացվող երիտասարդական հավաքին այս անգամ մասնակցում է մոտ 500 երիտասարդ ՀՀ-ից, Արցախից և սփյուռքից։  Նրանք մրցելու են մշակութային, մարզական, ինտելեկտուալ խաղերում։ Լինելու են նաև ավանդական դարձած հանդիպումներ հասարակական, քաղաքական և մշակութային գործիչների հետ։ Եռագույնը խորհրդանշող երեք ճակատներում ընդգրկվելու են 9 հոգանոց 45 ջոկատներ։ «Բազե»-ի ծրագրերի ղեկավար Արուսյակ Պողոսյանը վստահեցնում է՝ մասնակցության հարցում քաղաքական պատկանելիությունը դեր չի խաղում, կարևորը շնորհալի լինելն է։ «Մեզ մոտ մասնակցել են և հանրապետական, և դաշնակցական, և ՕԵԿ-ից երիտասարդներ։ Եթե մարդը լավ երգում է կամ լավ պարում է, մեզ համար կապ չունի՝ նա որ կուսակցությունից է, կամ կուսակցական է, թե ոչ»։ Նա շեշտում է, որ երիտասարդական հավաքը լավ մթնոլորտ է ապահովում և այս տարիների ընթացքում դարձել է բազմաթիվ երիտասարդների ամուսնության առիթ։ Հավաքի կարմիր ջոկատի գեղարվեստական ղեկավարը հումորիստ, դերասան Արման Խաչատրյանն է։ «Այս 7 օրերի համար Արմուշին 50.000 դրամ ենք վճարելու»,-լրագրողների հարցին ի պատասխան նշեց «Բազե»-ի ծրագրերի ղեկավարը։ Արմուշն իր հերթին շեշտեց, որ հավաքի նվիրյալներից է և գումարն այս դեպքում այնքան էլ էական չէ իր համար։ «Ամեն տարի ծանոթանում եմ նոր երիտասարդների հետ, որոնք շատ շնորհալի են։ Ես համարյան 40 տարեկան եմ, բայց երիտասարդ եմ մնում, քանի որ իմ ընկերների մեծ մասը 25, 26 տարեկան են»։ Հավաքի նորաձևության հատվածն ապահովողը դիզայներ Արամ Նիկոլյանն է։ Դիտարկմանը, թե ամեն տարի ցուցադրվող զգեստները կրկնվում են, նա նշեց. «Ես չեմ հիշում, որ կրկնված լինեն, բայց նորաձևության մեջ շատ հայտնի դիզայներներն էլ կարող են նույն տեսակի հագուստ պատրաստել»։ Նշենք, որ անցնող 13 տարիների ընթացքում «Բազե»-ին մասնակցել է մոտ 8500 երիտասարդ։