Առանձնահատուկ ոգեւորություն խաղի ժամանակ (տեսանյութ)
Համահայկական խաղերին մասնակցող Աթենքի թիմին այսօր դահլիճում առանձնակի ոգեւորությամբ էին երկրպագում. «Կուզենք շատ լավ մթնոլորտ ստեղծենք խաղում, դրա համար շատ կգոռանք, կկանչենք»,-ասում է Կարինե Պապիկյանը, ով խաղում է վոլեյբոլի կանանց թիմում։ Առաջին անգամ է Հայաստանում. «Զգացումները շատ տարօրինակ էին, որովհետեւ այս տարիներին ես կտեսնեի Սարդարապատը, Ծիծեռնակաբերդը գրքերի մեջ, հեռուստացույցով եւ հիմա շատ տարօրինակ է, որ կտեսնեմ մոտիկից»։ Բասկետբոլիստ Գեւորգն ասում է՝ թեեւ իրենց խումբը չի հասցրել լավ պատրաստվել խաղերին եւ հաղթանակն իրենցը չի եղել, բայց կարեւորում է իր այցը Հայաստան։ Եղել է Գառնիում, Տաթեւում, Նորավանքում. «Հայաստանը շատ սիրուն է, շատ-շատ է դուրս եկել»։ Հայաստան տեղափոխվելու ցանկություն սակայն, չի առաջացել. «Գործի հետ ահագին պրոբլեմ կա,ու մարդիկ դժվար են ապրում այստեղ։ Հայաստանի մասին բոլորս գիտենք սփյուռքում»,-ասում է Գեւորգ Նազարյանը։ Հունաստանում հայկական համայնքը փորձում է չմոռանալ իր արմատները. «Զանազան առիթներով միշտ մոտիկ ենք հայերով, չենք ձուլվում, Աթենքում 3 դպրոց, եկեղեցիներ կան»,-մեզ հետ զրույցում ասաց Աթենքի ֆուտբոլի թիմի մարզիչ Արիս Հալաճեանը։ Հունահայերը վստահեցնում էին, որ իրենց հաջորդ այցը Հայաստան ավելի վաղ կլինի, քան յոթերորդ Համահայկական խաղերը։