Մարտարվեստի հայազգի աշխարհի չեմպիոնը փորձելու է նվաճել ԱՄՆ-ն (տեսանյութ)
Խառը մարտարվեստի աշխարհի չեմպիոն Դավիթ Խաչատրյանն օրերս վերադարձել է հայրենիք։ Վերջին մեկ տարում նա մարտերն անցկացնում էր Ռուսաստանում, որտեղ հաղթանակ է գրանցել անցկացրած բոլոր հինգ մենամարտերում։ Որոշ մարզիկներ հրաժարվել են Դավթի հետ մենամարտից՝ հաշվի առնելով նրա բարձր վարկանիշը։ «Բոլոր 5 մարտերում այնպես չի եղել, որ սկզբից որոշված մարզիկը մնա։ Միշտ փոխվել են։ Հիմնականում իրենք են հրաժարվել»,-շեշտեց նա։ Դավիթը մարտարվեստով զբաղվում է 6 տարեկանից, պրոֆեսիոնալ ձևով՝ 16։ Հիմա 27 տարեկան է։ Հարցին, թե մինչև ե՞րբ է շարունակելու կարիերան, նշեց. «Դե մարզիկներ կան, որ մինչև 40 տարեկան կամ ավել շարունակում են մարտեր անցկացնել։ Դեռ չեմ մտածում սպորտը թողնելու մասին»։ Առաջիկայում մարզիկը մեկնելու է ԱՄՆ՝ փորձելու նվաճել այնտեղի խառը մարտարվեստի դաշտը։ «Շատ դժվար բաների միջով ենք անցել արդեն, բայց հիմնական դժվարությունը նոր պետք է սկսվի, որովհետև Ամերիկայում ամենաուժեղ վարկածն է UFC-ն աշխարհի»,-եզրափակեց նա։