ԱԺ անվտանգության պետն անգիտակցաբար է հարվածել լրագրողին (տեսանյութ)
ԱԺ անվտանգության ծառայության պետ Կարեն Հայրապետյանը, պարզվում է, 2014 թ սեպտեմբերի 9-ին անգիտակցաբար է հարվածել «Ա1+»-ի լրագրողին։
Դատախազ Հակոբ Ենոքյանը դատարանում հայտարարում էր, որ նա չի գիտակցել, որ «Հակահարված» արտխմբի ակցիան լուսաբանող Մարինեն Խաչատրյանը լրագրող է։
Թերեւս այս տրամաբանությամբ է առաջնորդվել նաեւ ՀՔԾ քննիչը, որը որոշել էր կարճել լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու փաստով հարուցված քրեական գործի վարույթը։
Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մարինե Խաչատրյանը բողոքարկում է ՀՔԾ քննիչ Օհանյանի հենց այդ որոշումը
«Գիտեք դիրքորոշումը Հայրապետյանի, քննիչի եւ արդեն դատախազի, որ հարված չի եղել ընդհանրապես, այլ ընդամենը հրել են պլանշետը, բայց իմ տեսակետը այնպիսին է, թե հրել ես պլանշետը, թե լրագրողին ես հրել մեկ է, խոչընդոտել ես գործունեությունը, պարտադիր է լրագրողին ծեծել, որ լինի խոչընդոտում», - հարց է տալիս Մարինե Խաչատրյանի ներկայացուցիչ Օլգա Սաֆարյանը։
Գործը քննող դատավոր Արթուր Մկրտչյանը արգելեց դատաքննության ընթացքում նկարահանումներ անել՝ պատճառաբանելով, որ կողմերը կարող են կաշկանդվել։
«Բայց նա նույնիսկ կողմերին չհարցրեց, թե դուք կկաշկանդվեք, եթե նկարահանում լինի։ Զարմանալի է, որ փաստաբանը կամ դատախազը կաշկանդվեն կամերայից եւ չկարողանան ներկայացնել իրենց պահանջները կամ առարկությունները»,-ասաց նա։
Դատական նիստը կշարունակվի օգոստոսի 31-ին։ Մինչ այդ Մարինե Խաչատրյանի ներկայացուցիչ Օլգա Սաֆարյանը կծանոթանա գործի նյութերին։
