Լիճքում պղնձի հանքավայրի շահագործման դեմ հանդես եկող գյուղացիների վրա՝ ճնշումներ
www.syunikonline.am ՀՀ բնապահպանության նախարարության կայքում տեղադրված ծանուցման համաձայն, 2015թ. օգոստոսի 14-ին, ժամը 13.00-ին ՀՀ Սյունիքի մարզի Լիճքի գյուղապետարանում տեղի ունեցավ «Թաթսթոուն» ՍՊ ընկերության կողմից ներկայացված ՀՀ Սյունիքի մարզի Լիճքի պղնձի հանքավայրի նախագծի նախնական գնահատման հայտի շրջակա միջավայրի վրա ազդեցության հանրային քննարկում: Քննարկմանը մասնակցում էին համայնքի շատ փոքրաթիվ բնակիչներ, ովքեր անխտիր դեմ արտահայտվեցին հանքավայրի շահագործմանը: Մասնակցում էին նաև Կապանից ժամանած մոտ 20 երիտասարդներ, ովքեր մասնակցում են էկոլոգիական հարցերի վերաբերյալ Կապանում անցկացվող դասընթացներին: Փոխարենը՝ քննարկմանն ակտիվորեն մասնակցում էր Մեղրիի քաղաքապետը, ով երկար ճառով բացատրում էր, որ գյուղացիների համար զանազան ծառայություններ են մատուցվել, իսկ նրանցից շատերն էլ վերցրել են դրանք, ինչը նշանակում է՝ որ էլ չեն կարող իրենց խոսքից հետ կանգնել... «Թաթսթոուն» ընկերության անվտանգության հարցերով զբաղվող, Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանն էլ պարբերաբար մոտենում էր դեմ արտահայտվող գյուղացիներին և կտրուկ սաստում նրանց: Հանրային քննարկումը վարում էր ՀՀ բնապահպանության նախարարության կառուցվածքում գործող՝ Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոնի փորձագետ Զարուհի Զուռնաչյանը: Քննարկումների սկզբում վերջինս նշեց, որ Լիճքի հանքավայրի շահագործման հարցի վերաբերյալ սա արդեն երկրորդ հանրային քննարկումն է, մինչդեռ գործող օրենսդրության համաձայն երկրորդ քնարկմանը պետք է դրվեր ոչ թե նախորդ անգամ արդեն քննարկված՝ նախնական գնահատման հայտը, այլ դրա հիման վրա փորձաքննական կենտրոնի կայացրած նախնական որոշման նախագիծը: Այս դրույթը շատ հստակ սահմանված է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասով, իսկ դրա իրականացման ընթացակարգը սահմանված է «Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության 19 նոյեմբերի 2014թ. Համ. 1325-Ն որոշման հավելվածի 36-րդ կետով: Սա արդեն իսկ բավարար իրավական հիմք է տեղի ունեցած քննարկումը չեղյալ ճանաչելու համար, քանի որ բացակայում էր քննարկման առարկան: Քննարկման ընթացքում չգիտես ինչու՞ նախագիծը ներկայացնում էր ոչ թե բնապահպանության նախարարության փորձագետ Զուռնաչյանը, այլ «Թաթսթոուն» ընկերության համար նախագծի հայտը մշակաս Վռամ Թևոսյանը: Եթե սա երկրորդ հանքային քննարկումն է, որտեղ պետք է ներկայացվի հայտի վերաբերյալ փորձաքննական կենտրոնի նախնական դիրքորոշումը, ապա անհասկանալի է, թե ինչու՞ է այդ դիրքորոշումը ներկայացնում ընկերության վարձած մասնագետը: Վերջինս ընդգծեց, որ իրենց աշխատանքային խմբի կատարած հետազոտությունների համաձայն, հանքավայրի շահագործման տարածքում ՀՀ կարմիր գրքում գրանցված բուսատեսակներ կամ կենդանատեսակներ չկան: Այն հարցին, թե ովքե՞ր են կատարել այդ հետազոտությունները և ի՞նչ մեթոդաբանությամբ, նշվեցին երկու անուններ՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Բուսաբանության ինստիտուտի աշխատակիցներ Մերի Սարգսյան և Լևոն Աղասյան, որոնցից էլ պետք է ճշտել հետազոտությունների որակի վրաբերյալ տեղեկատվությունը: Հիշեցնենք, որ հանքավայրը գտնվում է «Արևիկ» ազգային պարկի անմիջական հարևանությամբ (համաձայն հայտի՝ ազգային պարկի տարածքից 780 մետր հեռավորության վրա) և նախատեսում է հանքավայրի շահագործումն իրականացնել հորատապայթեցման աշխատանքներով՝ բաց եղանակով: Այնուհանդերձ, հանրային քննարկմանը «Արևիկ» ազգային պարկի ներկայացուցիչներից որևէ մեկը չէր մասնակցում: Վերջիններիս անտարբերությունը հատկապես տարօրինակ է՝ հաշվի առնելով, որ հետագայում նախատեսվում է նշված հանքավայրի ընդլայնում, ինչի մասին նշեց «Թաթսթոունի» մասնագետներից՝ Խաչիկ Սապոնջյանը («Մայնինգ տեխնոլոջի ընդ ինժիներինգ» ՍՊԸ տնօրեն): Բացակայում էին նաև կենսաբազմազանության հարցերով հետազոտությունների հեղինակներ՝ Մերի Սարգսյանը և Լևոն Աղասյանը: Բովանդակային առումով՝ քննարկման արդյունքում պարզ դարձավ, որ Լիճքի հանքավայրի ահագործման նախնական գնահատման հայտը չի համապատասխանում օրենքով պահանջվող՝ գիտական հիմնավորվածության որևէ չափանիշի և հակասում է ՀՀ բնապահպանական օրենսդորւթյան բազմաթիվ դրույթների: Ընդհուպ, հայտում տեղ են գտել այնպիսի անհեթեթ դրույթներ, համաձայն որոնց հողի բերրի շերտի պահեստավորման վերաբերյալ հաշվետվությունը չգիտես ինչու՞ պետք է ներկայացվի Կոտայքի մարզպետարանին, իսկ շահագործումն ավարտելուց հետո պետք է ռեկուլտիվացվի նաև ֆաբրիկան: Ինտերնետում փոքր ինչ փնտրելուց հետո պարզ դարձավ, որ նշված հայտի ամբողջ բաժիններ տառացիորեն արտագրված է «Մեգո գոլդ» ընկերության կողմից ներկայացված՝ միանգամայն այլ հանքավայրի շահագործման հայտից: