Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ես ուղղված եմ, ազատ արձակեք». դատապարտյալ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
բանտ

2010 թվականից «Կոշ» քրեակատարողական հիմնարկում իր պատիժը կրող Ռուբեն Ամատունին ահազանգում է իր նկատմամբ անարդար վերաբերմունքի մասին։ «Հաստատված հանգամանք է՝ իմ ուղղված լինելու փաստը. դատարանը գտել է, որ ես այլևս պատիժ կրելու կարիք չունեմ, սակայն Անկախ հանաձնաժողովն անտեսում է այդ փաստը և մերժում իմ վաղաժամկետ ազատումը»,- նշում է նա։ Ռուբեն Ամատունին պատժի կրման ընթացքում արժանացել է խրախուսանքների, ղեկավարում է իր կողմից հիմնադրված «Դատապարտյալների կրթական ինքնագործ միավորումը», սակայն դա էլ չի օգնել նրան վաղաժամկետ ազատ արձակվել։ Նա դիմել է «Կոշ» ՔԿՀ-ի վաղաժամկետ ազատ արձակման հանձնաժողովին՝ իրեն ազատ արձակելու խնդրանքը Անկախ հանձնաժողովին փոխանցելու համար, ինչը բազմիցս մերժվել է։ Եվ միայն Արագածոտնի Ընդհանուր իրավասության դատարանի վճռով է նրա դիմումը բավարարվել՝ ուղարկվելով նախագահի հրամանագրով գործող Անկախ հանձնաժողովին։ Արդյունքում՝ այս հանձնաժողովն էլ է մերժել դատապարտյալի դիմումը։ Ամատունու փաստաբան Հայկազ Գալստյանը նշում է. «Մեզ համար պարզ չէ, թե Ռուբեն Ամատունու դիմումը ինչու է մերժվել, ինչու հավանության չի արժանացվել՝ պայմանական վաղաժամկետ ազատելու հարցով դիմել դատարանին»։ Փաստաբանի համոզմամբ՝ խնդիրն այն է, որ Անկախ հանձնաժողովը չի կարողանում հիմնավորել իր իսկ որոշումը՝ դատապարտյալի մոտ ի՞նչ հատկանիշներ չեն ուղղվել, որ նա պետք է շարունակի մնալ ճաղերի հետևում։ Փաստաբանի համոզմամբ օրենքում առկա է բաց, ինչի համար էլ իրենք դիմելու են Սահմանադրական դատարան։ «Անկախ հանձնաժողովը չունի չափանիշ, որով առաջնորդվում է և մեզ համար պարզ չէ, թե ինչ ստանդարտներով է նա աշխատում»,- ասում է փաստաբանը։ Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը պրակտիկայում հանդիպել է բազմաթիվ  դեպքերի, երբ իսկապես դատապարտյալն ուղղված է եղել, սակայն Անկախ հանձնաժողովը մերժման որոշում է ընդունել։ «Երբ որ դուք ուսումնասիրեք այդ անկախ կոչված հանձնաժողովների աշխատանքը, ապա որևէ օբյեկտիվություն և որևէ օրինաչափություն նրանց աշխատանքներում չեք տեսնի։ Օրինաչափությունը մեկն է՝ անտարամաբանությունը»,- պնդում է նա։ Ավետիք Իշխանյանի պնդմամբ՝  այսօր գործող Անկախ հանձնաժողովները գործում են քաղաքական հրամանի ներքո, իրավական հարթությունից դուրս. «Անկախ կոչված այդ հանձնաժողովները պետք է ցրել, նախնական անցնել նախկին վիճակին, երբ երկաստիճան էր վաղաժամկետ ազատ արձակումը. երբ կար ՔԿՀ-ների հանձնաժողովների որոշումը, հետո՝ դատարանը» Իշխանյանը հիշեցնում է՝ դատապարտյալների նկատմամբ նման անտարբեր  վերաբերմունքը խորհրդային շրջանի ծնունդն է, ինչը վերացնելու համար մտածելակերպը պետք է փոխել։