Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սեւանը մերն է, բայց մեզ չի հասնում» (տեսանյութ)

Հասարակություն
sevan

Բնապահպաններն ավելի քան 10 օր է` սպասում են Սևանա լճից Ուրմիա լիճ ջրի մատակարարման պարզաբանման վերաբերյալ վարչապետին ուղղված նամակի պատասխանին: Բնապահպան Սիլվա Ադամյանը մինչ այդ փորձել է իրանցի պատգամավորի համապատասխան հայտարարության ճշմարտացիությունը անձնական կապերի միջոցով պարզել: Հիշեցնենք, որ երկու շաբաթ առաջ իրանական մամուլում հրապարակվել էր իրանցի պատգամավոր Ալի Ալիլուի հայտարարությունն այն մասին, որ Ուրմիա լճի վերականգնման համար անհրաժեշտ ջուրը մատակարարվելու է Սևանա լճից և Վրաստանից՝ Քուռ գետից: «Հենց էնպես ոչ մի իրանցի պատգամավոր, էն էլ էդպիսի պատգամավոր էդպես հայտարարություն չէր անի: Ես փորձեցի հենց իրանցիների հետ շփվել, պարզվեց, որ էն խոսակցությունները, որ կան, իրականում խնդիրը դրված է եղել, բայց երբ հասարակական կազմակերպությունները սկսել են անհանգստանալ, փորձել են էդ խնդիրը փակել: Բայց մի՞թե Հայաստանը չունի խնդիրներ, էսօր մեր խնդիրն Ուրմիա լի՞ճն է: Նայեք տեսեք Լիճքում ինչ է կատարվում. ամեն տեղ հանք, ամեն տեղ թափոններ, ամեն տեղ պոչամբարներ, ոչ մի բան չի արվում դրանց հետ, էս խնդիրները թողած մենք հիմա պետք է մեր ազգային արժեքները բաժանենք ուրիշներին, էսպես ոնց կլինի»,-ասում է տիկին Ադամյանը: Բնապահպան Ինգա Զարաֆյանն իր հերթին հիշեցնում է, որ Սևանա լճի ավազանում բնակվողները բողոքում են, որ իրենց Սևանից ջուր չի հասնում: Նրա խոսքով՝ չնայած լճի աշխարհագրական բարենպաստ դիրքին, դրա ավազանում բնակվողների համար լճի ջուրն անհասանելի է: «Սևանն ամենահասանելի, առանց որևէ փող ծախսելու ջուր է: Էս ջուրը շատ բարձր որակի ջուր է: Շատերը ունեն քաղցրահամ ջուր, բայց ջուր, որն ունի խմելու ջրի որակ, ամեն մեկը չունի, իսկ Սևանա լիճն ունի, գտնվում է 2000 մ բարձրության վրա և առանց որևէ խնդրի Սևանա ջուրը կարելի է հասցնել տարբեր տեղեր, մեր հարևան երկրներ՝ համենայն դեպս շատ հեշտությամբ: Սևանցիները, եթե ուզում են ջուր քաշել իրենց մոտ, պետք է տեսնեք՝ ոնց են քաշում, թե դույլերով, թե նախնադարյան մեթոդներով են և նրանք միշտ ասում են առաջին հերթին էս ջուրը մերն է, բայց մեզ չի հասնում»,-ասում է բնապահպանը: