ԵՄ-ն ու ԱՄՆ-ն $450 միլիոն գրանտ են տվել ՀՀ կառավարությանը 2007-2014-ին
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» շարունակում է ուսումնասիրել գործադիր իշխանության մարմինների ստացած օտարերկրյա դրամաշնորհները: Շարքի այս հրապարակմամբ ներկայացնում ենք կառավարության ստացած գրանտների հանրագումարը՝ 2007-ից 2014 թվականների համար: Այսպիսով, Հայաստանի կառավարությունը վերջին 8 տարիներին օտարերկրյա պետություններից ու կազմակերպություններից ստացել է մոտ 542 միլիոն դոլար կամ ավելի կան 200 միլիարդ դրամ։ Սա երևում է պետական բյուջեի վերջին 8 տարվա հաշվետվություններից։ Ինչպես երևում է, ամենաշատ դրամաշնորհներն ստացվել են 2011-ին, ինչը պայմանավորված է Եվրամիության և ԱՄՆ-ի «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրերի կողմից ֆինանսավորման կտրուկ ավելացմամբ։ Եվրամիությունն այդ տարի աննախադեպ ծավալի՝ ավելի քան 57 միլիոն դոլարի դրամաշնորհ է տրամադրել միայն «Մակրոֆինանսական աջակցություն» և «Ընդհանուր բյուջետային աջակցություն» ծրագրերի շրջանակում։ Ընդհանուր առմամբ վերջին 8 տարիների դրամաշնորհների մեծ մասը՝ մոտ 51%-ը ստացվել է ԵՄ-ից, ԵՄ երկրներից, կամ էլ եվրոպական բանկերից ու կազմակերպություններից։ Ավելի քան 32%-ն էլ ստացվել է ԱՄՆ-ից։ Երրորդ տեղում «Լինսի» հիմնադրամն է՝ մոտ 10%-ով, իսկ չորրորդում՝ Համաշխարհային բանկը՝ 4.6%։ Գծագիր 2. ՀՀ կառավարության ստացած դրամաշնորհներն ըստ դոնորների՝ 2007-2014թթ (միջինացված) Եվրամիության բաժինը ընդհանուր դրամաշնորհների մեջ, սակայն, կտրուկ մեծացել է վերջին մի քանի տարիներին, քանի որ նախ՝ 2011-ից Հայաստանում դադարեց գործել «Լինսի» հիմնադրամը, իսկ 2012-ից՝ «Հազարամյակի մարտահրավեր ծրագիրը»։ Ճապոնիայի կառավարությունը ևս 2012-ից սկսած դրամաշնորհներ չի տրամադրում Հայաստանին։ Աղյուսակ. ՀՀ կառավարության ստացած դրամաշնորհները՝ ըստ դոնորների, միլիոն դոլար
2007թ | 2008թ | 2009թ | 2010թ | 2011թ | 2012թ | 2013թ | 2014թ | Ընդամենը | |
ԵՄ ու եվրոպական կազմակերպություններ (բանկեր) | 22.7 | 17.8 | 22.8 | 20.7 | 80.5 | 44.4 | 28.4 | 37.7 | 275.1 |
ԱՄՆ | 9.1 | 17.2 | 24.8 | 50.8 | 73.3 | 0.3 | 0.6 | 0.5 | 176.6 |
Համաշխարհային բանկ | 0.3 | 0.0 | 6.6 | 5.1 | 4.8 | 1.7 | 2.9 | 3.4 | 24.9 |
Ճապոնիա | 2.7 | 1.9 | 2.0 | 0.7 | 0.2 | 0.0 | 0.0 | 0.0 | 7.6 |
ՄԱԿ | 0.0 | 0.0 | 1.4 | 0.0 | 0.7 | 0.0 | 0.5 | 0.0 | 2.6 |
Լինսի հիմնադրամ | 36.8 | 11.7 | 2.1 | 4.5 | 0.0 | 0.0 | 0.0 | 0.0 | 55.2 |
Ընդամենը | 71.6 | 48.5 | 59.7 | 81.9 | 159.5 | 46.5 | 32.5 | 41.6 | 541.9 |