Նա միրգը տանում է տուն՝ ոչ ճաշակելու համար (տեսանյութ)
Ժամանակակից արվեստի թանգարանում երեկվանից ցուցադրված են գերմանաբնակ հայազգի լուսանկարչուհի Ռոսաննա Այզենմենգերի՝ Ռոզա Այզենի աշխատանքները։ Նա 23 տարի է՝ Բեռլինում է բնակվում, բայց մշտապես պահում է կապը հայրենիքի հետ։ «Տարեկան մի քանի անգամ այցելում եմ, այնտեղ ծրագրեր եմ իրականացնում՝ Հայաստանին ու հայերին վերաբերող»,-ասում է նա։ Տիկին Ռոզան միայն վերջին տարիներին է զբաղվում արվեստով։ «Երկար տարիներ աշխատել եմ ռադիոյի երաժշտական խմբագրությունում։ Իսկ Բեռլինում լավագույն պատկերասրահներից մեկում եմ աշխատել՝ «Բրեմեր»-ում։ Երևանում որպես հոբբի կոլաժներ էի պատրաստում, բայց ավելի լուրջ տարվեցի արվեստով Բեռլինում»։ Լուսանկարչուհին Գերմանիայում շատ ցուցահանդեսներ է ունեցել, բայց հայրենիքում սա առաջինն է։ Ներկայացված է մոտ 60 գործ. զանազան մրգեր՝ մարդկանց պատկերների հետ համադրված։ Հարցին, թե մրգե՞րն են իրեն ոգեշնչել, թե՞ մարդիկ, Ռոզան պատասխանեց. «Անշուշտ, առաջին հերթին, մարդը։ Բայց պտուղն իմ հերոսն է։ Մրգերին չեմ նայում միայն այն տեսանկյունից, որ համեղ են, հյութեղ։ Փորձում եմ նրանց մեջ սիմվոլիկա գտնել»։ Տիկին Ռոզան պատմում է, որ Գերմանիայում իրեն հաճախ հարցնում են, թե ինչու է գունավոր անում նկարները. «Ես ասում եմ՝ դրանից չեմ կարող հրաժարվել, որովհետև գույնը, լույսը Հայաստանից տարել եմ մռայլ Բեռլին. Գերմանիան գեղեցիկ է, բայց երկինքը, բնությունը մռայլ է։ Ես իմ նկարներով լույս եմ բերում և տարածում մարդկանց»։ Խանութից նա միրգը տանում է տուն առաջնահերթ ոչ թե ճաշակելու համար, այլ կոմպոզիցիա է պատրաստում և լուսանկարում այն։ Ի դեպ՝ լուսանկարիչը տեխնիկական որևէ միջոց, մասնավորապես՝ ֆոտոշոփ չի կիրառում։ Բացի այս, կարևորում է նաև Բեռլինում իրականացվող մշակութային ծրագրերը՝ կապված մեր երկրի հետ։ «Գերմանացիները նկարահանում են ֆիլմ մեր դուդուկի մասին, այդ խմբում ես աշխատում եմ։ Ապրիլի 24-ին Երևանում էինք՝ կապված Ցեղասպանության 100-ամյակի հետ։ Հանդիպեցինք նաև մեր վարպետ Ջիվան Գասպարյանին»,-պատմեց նա։ Երևանյան ցուցահանդեսից լուսանկարչուհին տպավորված է. «Ջերմ էր, անմիջական։ Շոյված ու շնորհակալ եմ»։ Նոյեմբերի 20-ին կլինի նրա հերթական ցուցահանդեսը Բեռլինում։ Գերմանաբնակ մեր հայրենակիցը հույս է փայփայում, որ հնարավորություն կունենա կրկին ներկայանալու հայ արվեստասերին։