Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2026-11-04_14-02-32
A A
Պաշտոնական

Կենսաչափական համակարգի ներդրումը ավելի է մերձեցնում ՀՀ-ն և Եվրոպական միությունը. ԵՄ հայաստանյան գրասենյակ

ԵՄ Հայաստանից հայտնում են․

Հայաստանը հոկտեմբերի 31-ից սկսել է իր քաղաքացիներին կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը: Այս համակարգի ներդրումը Հայաստանի անձնագրային և նույնականացման փաստաթղթերի համակարգի համապարփակ բարեփոխման անկյունաքարն է, որն էլ ավելի է մերձեցնում Հայաստանն և Եվրոպական միությունը։
 
ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմի հաստատման կարևոր նախապայմաններից են անվտանգ կենսաչափական անձնագրերի և նույնականացման հուսալի համակարգերի ներդրումը, որոնք թույլ կտան կանխել կեղծիքները և պաշտպանել անձնական տվյալները։
 
Եվրոպական միության և Հայաստանի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունն իրականացվում է հստակ կառուցվածքային գործընթացի շրջանակում՝ ներառելով առանցքային ոլորտներում բարեփոխումների հստակ հենանիշներ, ինչպիսիք են փաստաթղթերի անվտանգությունը, սահմանների կառավարումը, միգրացիան, իրավապահ գործունեությունը և մարդու իրավունքները։ Կենսաչափական նույնականացման համակարգի ներդրումը շոշափելի առաջընթաց է ճանապարհորդական փաստաթղթերի անվտանգության ամրապնդման ուղղությամբ։
 
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը և Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխները Հայաստանի կառավարության ներկայացուցիչների հետ միասին մասնակցել են այս կարևոր իրադարձության մեկնարկի հանդիսավոր արարողությանը։
 
Եվրոպական միությունն ուրախ է աջակցել այս կարևոր բարեփոխմանը՝ Հայաստանի համար «Դիմակայունության և աճի ծրագրի» շրջանակում։