«Կարող ես գնալ հույն դեպուտատի մոտ խնդրանքով՝ ասի մեր հայնա, մի նեղացրեք» (տեսանյութ)
Սալոնիկցի Անդրանիկ Այանյանի ընտանեկան խանութ- սրճարանում են ճաշում հարեւանությամբ գտնվող ոստիկանության շենքի աշխատակիցները, դատախազներ, փաստաբաններ։ Հույները սիրում են մտնել այստեղ։ Մինչ առեւտուր անելը, նախ զրույցի են բռնվում։
Հունաստանի՝ բնակչության թվով երկրորդ քաղաքի՝ Սալոնիկի կենտրոնական փողոցներից մեկով 10 րոպե քայլելով՝ 3 հայկական անվանումով խանութի հանդիպեցինք։ 4-րդը հայկական անվանում չուներ, բայց միջավայրը խիստ հայկական էր։ Անդրանիկ Այանյանին այստեղ Անդրեա են կոչում, իսկ ավելի հաճախ՝ պարզապես հայ՝ արմենուս։
1993 թվականից եկել են Հունաստան, Հայաստանում վատ չեն ապրել, բայց լույս չկար, փող կար՝ հաց չէին կարողանում գնել։
Ինտեգրվելու հարցում հույների հետ խնդիր ընդհանրապես չկա, երբ իմացել են հայ ենք, մեր ձեռքն ավելի պինդ են սեղմել՝ ասում է Անդրանիկը։ Ըստ նրա՝ հայերն ու հույներն ընդհանուր գծեր շատ ունեն. «Եվ դեմքով են նման, եւ աֆերիստությունով, եւ խելքով»։
Դժվարություններ, իհարկե, եղել են, բայց թերեւս ավելի հեշտ էր կարոտը հաղթահարելը. «Հույներն էլ հայերի պես թուղթ սիրող են, Էնքան թուղթ են ուզել, որ նադայել ես եղել սարքես»։
Հույնն ազատ մարդ է՝ ոչ ոքի չի խանգարում կայանալու հարցում։ Այանյանի երեխաները մշտապես հանդես են եկել հայկական դրոշի ներքո, եւ ոչ ոք դրանից վատ չի զգացել, հակառակը՝ հույները սիրում են, երբ հայն իրենը պահպանում է։
Նույն կերպ հարգում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Իսկ այդ օրն Այանյանները մշտապես ընդունելություն են կազմակերպում. «Ցեղասպանության հիշատակի օրը հույն ազգին հյուրասիրություն եմ արել, եկել ու հարգել են, մեր նահատակների համար բաժակ են բարձրացրել, դատախազներ, փաստաբաններ՝ նրանք նաեւ ինձ հետ եկել են հիշատակի միջոցառման»։
Հույներն ընդունում են հային՝ իր սովորույթներով, կեցվածքով, պատմությամբ՝ ասում է Այանյանը. «Կարող ես գնալ դեպուտատի մոտ խնդրանքով՝ ասի մեր հայնա, մի նեղացրեք, հարգանք կա։ Մենք այստեղի հին հայերից մարդիկ ունենք, որ հույն ղեկավարության հետ հարցեր են կարողացել լուծել»։
Արդյո՞ք Հունաստանի ներկա ճգնաժամը կարող է պատճառ դառնալ, որ լքեն այս երկիրը։ Ասում են՝ եթե գնան, միայն Հայաստան. «Եթե մի երկու միլիոն եվրո ունենայի, գուցե մտածեի Հայաստան վերադառնալու մասին, եթե ինձ այնտեղ չխանգարեին, իսկ այստեղ ոչ ոք չի կարող խանգարել։ էնտեղ էլ չեն խանգարի, բայց հայը սիրում է հայի ոտքը տրորել»։