Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

13-րդ «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը կրում է «Զգացողությունների թանգարան» խորագիրը

Մշակույթ
unnamed116

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպվող «ՀԱՅ ՖԵՍՏ» միջազգային թատերական փառատոնն այս տարի կկայանա հոկտեմբերի 1-8-ը: 13-րդ «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը կրում է «Զգացողությունների թանգարան» խորագիրը և կհյուրընկալի 26 երկրից ժամանած 250 մասնակիցների և հյուրերի, նրանց թվում հեղինակավոր արվեստագետների, արտմենեջերների, միջազգային փառատոնի նախագահների Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Իտալիայից, Ավստրիայից, Ֆինլանդիայից, Շվեդիայից, Շվեցարիայից, Կանադայից, Լեհաստանից, Լեբանանից, Իսրայելից, Լիտվայից, Հունգարիայից, Գերմանիայից, Չեխիայից, Նորվեգիայից, Հունաստանից, Էստոնիայից, Սերբիայից, Ղազախստանից, Բանգլադեշից, Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից և այլ երկրներից: Երևանյան 12 բեմահարթակներում կցուցադրվի ավելի քան 70 ներկայացում: Թատերասերները հնարավորություն կունենան դիտելու դրամատիկական, երաժշտական, պարային (ֆոլկ, ֆլամենկո, մոդեռն բալետ), մոնոներկայացումներ, մուլտիմեդիա, իրերի, տիկնիկային, մարիոնետների, մատների, ներկայացում-ցուցահանդես, ֆիզիկական, շարժման, կրկեսային, մանկական, ինչպես նաև բացօթյա ներկայացումներ: Փառատոնի հյուրերը կանցկացնեն վարպետության դասընթացներ: Փառատոնի նշանավոր ներկայացումներից կլինեն Օսկարաս Կորշունովասի թատրոնի «Հատակում» (Լիտվա), Շեքսպիրյան «Գլոբուս» թատրոնի «Համլետ» (Մեծ Բրիտանիա), «Գիբնի դանս» պարային խմբի «Հատող գիծ» (ԱՄՆ) ներկայացումները: Երևանյան թատրոններից «ՀԱՅ ՖԵՍՏ»-ի հիմնական ծրագրում հանդես կգան Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական, Հ. Թումանյանի անվան տիկնիկային, «Փոքր», «Միհր» թատրոնները և այլոք: Ինչպես միշտ, այս տարի էլ «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը ուսանողներին հնարավորություն կտա ներկայացնելու իրենց աշխատանքները «ԱՐՄՍ ՖԵՍՏ» ուսանողական ծրագրում: Փառատոնը կբացվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի աջակցությամբ բեմադրված «Զգացողությունների թանգարան» ներկայացումով: Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված ներկայացումների շրջանակում կցուցադրվեն նաև մի շարք միջազգային ներկայացումներ: Հիմնական ներկայացումների մուտքը կլինի անվճար, ինչը հնարավորություն կտա ավելի մեծ թվով հայ թատերասեր հասարակությանը ծանոթանալ արտերկրի թատերական արվեստի բարձրարժեք նմուշներին: «ՀԱՅ ՖԵՍՏ» միջազգային թատերական փառատոնն առաջին անգամ կայացել է 2003-ին: Փառատոնի նախագահն է Արթուր Ղուկասյանը: 2006 թվականից «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը գլխավոր թատերական փառատոնն է նախկին ԽՍՀՄ տարածքում (բացառությամբ Մոսկվայի):