«Ուշ լինի, նուշ լինի»-ն կյանքի է կոչվում (տեսանյութ)
Ազգային օպերետի գոհար «Ուշ լինի, նուշ լինի»-ն կրկին բեմ է բարձրանում: Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան Գեւորգ Դավթյանի նախաձեռնությամբ՝ կյանքի է կոչվում Արտեմի Այվազյանի եւ Գարեգին Երիցյանի բեմադրությամբ օպերետը, որն անցել է աշխարհով մեկ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սերյոժա Առաքելյանը նշեց, որ օպերետն առաջին անգամ բեմադրվել է 1916 թվականին՝ Թբիլիսիում: «Տիգրան Չուխաջյանի «Կարինե» օպերետից հետո, որը համարվում է օպերետային արվեստի բարձրակետը, «Ուշ լինի, նուշ լինի»-ն երկրորդն է»,-նշեց նա՝ հավելելով. «Մենք՝ հայերս, սիրում ենք, չէ՞, օտարել մեր գանձերը, հեռանալ ակունքներից, որդեգրել այն, ինչ այսօր մեր գլխին պատուհաս է դարձել: Ես միշտ նախանձով եմ նայում մեր չակերտավոր հարեւաններին՝ Վրաստանին եւ Ադրբեջանին: Նրանք իրենց արվեստի չնչին արժեքները կարողանում են տարածել աշխարհով մեկ: Երբ ուսումնասիրում ես թատերական պատմությունը, նժարն իջնում է նրանց կողմը, հատկապես՝ Ադրբեջանի»: Գեւորգ Դավթյանը, որ նախաձեռնության հեղինակն է, իր խոսքում նշեց, որ նպատակ ունի, որպեսզի երիտասարդությունն անպայման ծանոթանա այս ստեղծագործությանը. «Որովհետեւ այն ինձ համար նույն գինն ունի, ինչ «Անուշ» օպերան՝ օպերային արվեստում»: