ՍԱՐՅԱՆԸ ԶԲԱՂԵՑՐԵՑ ԵԿԱՏԵՐԻՆԱ ԿԱՅՍՐՈՒՀՈՒ ՏԵՂԸ
Աջակցիր «Ա1+»-ին20-րդ դարի խոշորագույն նկարիչներից մեկը` Մարտիրոս Սարյանը ճանաչված է ոչ միայն իբրեւ գեղանկարչության եւ գրաֆիկայի վարպետ, այլեւ հայտնի է իբրեւ ինքնատիպ թատերական նկարիչ, որ 1923թ. Հայաստանի առաջին պետական թատրոնի (այժմ՝ Սունդուկյանի անվան պետական ազգային ակադեմիական թատրոն - խմբ.) բեմական վարագույրի համար ստեղծեց առաջին մոնումենտալ-դեկորատիվ գործը:
«Այս աշխատանքն իսկական գլուխգործոց է, որը մեր ժամանակներում մոնումենտալ արվեստի առաջին օրինակն է»,- ասաց ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն Արարատ Աղասյանը: Դրա վկայությունն էին Հայաստանի ազգային պատկերասրահում այսօր առաջին անգամ ցուցադրված Սարյանի թատերական արվեստին նվիրված ստեղծագործությունների, դերասանների դիմանկարների բնօրինակները: Պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը նշեց, որ «Ցուցահանդեսը նվիրված է մեծ նկարչի 125-ամյա հոբելյանին: Սա յուրօրինակ մի ցուցադրում է, որով միայն կարող ենք պարծենալ: Այս աշխատանքները երբեւիցե չեն ցուցադրվել»:
Իբրեւ թատերական նկարիչ՝ Սարյանը հանդես եկավ ստեղծագործական հասուն շրջանում: Նա բազմաթիվ թատերական ներկայացումների, օպերաների բեմական նկարչական ձեւավորումների, ինչպես նաեւ էսքիզների հեղինակ է: Առաջին բեմադրությունն ըստ Սարյանի էսքիզների 1927թ. Փարիզում բեմադրված «Զուլեյկա» ներկայացում-մնջախաղն էր: Սարյանի թատերական արվեստի գլուխգործոցն, այնուամենայնիվ, դարձավ Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայի ձեւավորումը: Օպերան նա ձեւավորեց երեք բեմադրության համար, որոնցից ամենահաջողվածը 1939թ. Մոսկվայում Հայ արվեստի տասնօրյակին Մեծ թատրոնում ներկայացված բոլորովին նոր տարբերակն էր:
Հոբելյանական միջոցառումների շրջանակներում Հայաստանի ազգային պատկերասրահի բակում նաեւ տեղադրվեց քանդակագործ Ղուկաս Չուբարյանի հեղինակած Մարտիրոս Սարյանի կիսանդրին, որը երկար ժամանակ եղել է պատկերասրահի նկուղներում: Փարավոն Միրզոյանի խոսքերով. «Կիսանդրու բացումը կարեւոր է նաեւ այն իմաստով, որ Մարտիրոս Սարյանն ազգային պատկերասրահի հիմնադիրներից է»: Իսկ Արարատ Աղասյանն էլ իր կողմից առաջարկեց Ազգային պատկերասրահն անվանել Սարյանի անունով եւ այդ իմաստով կիսանդրու տեղադրումը ճիշտ որոշում համարեց:
Կիսանդրին պատրաստ էր դեռ 60-ական թվականներին, սակայն միայն հիմա՝ հոբելյանի առիթով հնարավոր դարձավ տեղադրել՝ այն էլ Եկատերինա կայսրուհու կիսանդրու տեղում, որը մի քանի տարի առաջ նվիրել էին Ռուսաստանին:
Կիսանդրին ստեղծվել էր նկարչի կենդանության օրերին եւ ինքը՝ Սարյանը եղել էր Ղուկաս Չուբարյանի բնորդը: «Նրա հետ աշխատելն անչափ հեշտ ու հաճելի էր, քանի որ ինքն էլ նկարիչ էր, գիտեր ինչպես նստել ու պահել իրեն, որ ճնշվածության, վախի մթնոլորտ չլինի: Սարյանն ինքն էր առաջարկել ինձ քանդակել կիսանդրին, իսկ թե ինրպես է ստացվել, կարելի է միայն ենթադրել: Ասեմ, որ 40 օրվա ընթացքում եմ ստեղծել՝ օրը մեկ ժամ»,- հիշում է Ղուկաս Չուբարյանը: