«Եթե ծախսերս հոգալու կարիք չլիներ, մինչեւ կյանքիս վերջ կամավոր կլինեի»
Մարինե Համբարձումյանը թեպետ ամեն ամիս չի վայելում բանկոմատից աշխատավարձ ստանալու հաճույքը, բայց վայելում է այն ամենն, ինչ կամավորությունը տալիս է իրեն ամեն օր։
Կամավորության միջազգային օրը, հայ ակտիվ կամավորները պատմում են իրենց փորձից։
Երիտասարդական գրեթե բոլոր միջոցառումներին կտեսնեք Մարինե Համբարձումյանին, ով 16 տարեկանից սկսել է զբաղվել կամավորությամբ։ «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի կամավորներից է. «Եթե ծախսերս հոգալու կարիք չլիներ, ապա համոզված եմ՝մինչեւ կյանքիս վերջ կամավոր կլինեի։ Եթե կամավոր չլինեի, ապա չէի իմանա Երեւանի բոլոր թանգարանների անուններն ու վայրերը, ամենակարեւորը՝ Չարենցի թանգարանում աշխատող հումորասեր Քնար տատիկին չէի ճանաչի, եթե կամավոր չլինեի՝աշխարհի յուրաքանչյուր անկյունում ընկերներ եւ ինչու ոչ՝անվճար օթեւան չէի ունենա։ Եթե կամավոր չլինեի՝ընկերներիս մեծ մասը ինձ չէր ասի.«Ինչ ուրախ կյանքով ես ապրում, մենք էլ ենք ուզում»։ Եթե կամավոր չլինեի՝երբեմն ձանձրալի ու երկար թվացող ուսանողական կյանքից բացի՝ուրիշ ոչինչ չէի ունենա հիշելու։
Ծնողներս արդեն սովոր են իմ՝ ուշ տուն վերադառնալուս ու նույնիսկ չեն հարցնում, թե որտեղ էի. արդեն գիտեն, որ շաբաթը մեկ անգամ պարտադիր մի կամավորական հետաքրքիր գործ եմ գտնում ու լրացնում կյանքիս բացերը»,-պատմում է Մարինեն։
Ադրինե Աղաբեկյանն էլ տարիներ առաջ աշխատանքից դուրս եկավ՝ դառնալու «Հայ առաջադեմ երիտասարդյություն» ՀԿ-ի կամավոր։
Գումարի մասին չի էլ մտածել, երբ զբաղվում էր կամավորությամբ. «Կամավոր եմ, քանի որ սիրում եմ զբաղված լինել, ակտիվ կյանքով ապրել, մեծ փորձ ու նոր ընկերներ ձեռք բերել։ Կամավոր լինելով՝քեզ ավելի լավ ես սկսում ճանաչել։ Ցանկացած միջավայրում ու իրավիճակում կարողանում ես քեզ դրսեւորել։
Կան մարդիկ, որ հարցնում էին, թե որտեղից եմ այդքան ժամանակ գտնում, բայց ես իրենց չէի հասկանում ու հիմա էլ չեմ հասկանում, թե ինչպես են դասերից հետո միանգամից տուն գնում։ Քանի դեռ ապրում ենք, պետք է փորձենք ինչքան հնարավոր է զարգանալ։ Եթե շատերին կարող է ոգեւորել աշխատավարձը, ապա մեզ՝կամավորներիս, միջավայրը, մարդիկ, շփումը»։
Եթե ցանկությունը մեծ է ունենալու նոր միջավայր, ընկերներ, ձեռք բերել փորձ, գիտելիք, հմտություններ, կատարել՝օգտակար աշխատանք, ապա կամավորությունը լավագույն միջոցներից մեկն է։
