Բացել լրահոսը Փակել լրահոսը
կգմսն
A A
Հասարակություն

ԿԳՄՍ նախարարությունը 2 մլն դրամով կավելացնի տաքսի ծառայության գումարը

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունում էլեկտրոնային հարթակի միջոցով իրականացվող տաքսի ծառայությունների համար նախատեսված սահմանաչափը վաղաժամ սպառվել է։ Հենց այդ պատճառով էլ անհրաժեշտություն է առաջացել մինչեւ տարեվերջ ապահովել նախարարության աշխատակազմի՝ ՀՀ տարածքում տեղաշարժման համար պահանջվող լրացուցիչ ուղևորափոխադրման ծառայությունների ձեռքբերումը։ Այդ պատճառով էլ նախարարությունը նախագիծ է ներկայացրել Կառավարություն։ Այն կքննարկվի Կառավարության վաղվա նիստի օրակարգում։

Ըստ հիմնավորման՝ կարեւորելով «Մինչեւ 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող և վերակառուցվող 300 դպրոց ու 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում մինչեւ տարեվերջ նախատեսվող աշխատանքների ծավալը, մասնավորապես՝ 18 դպրոցի կառուցման եւ վերակառուցման ավարտին հասցնելու հանգամանքը, 26 դպրոցի մարզադահլիճների կառուցման, վերանորոգման եւ մարզագույքով ապահովման, ինչպես նաև 60-ից ավելի նախադպրոցական ուսումնական հաստատությունների շահագործման աշխատանքները, անհրաժեշտություն է առաջացել ավելացնել տաքսի ծառայության համար նախատեսված սահմանաչափը։

Լրացուցիչ ֆինանսավորման խնդիրը կայանում է նաեւ նրանում, որ նոր ուսումնական տարվանից ՀՀ մարզային ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունները անցել են նախարարության ենթակայությանը։

Արդյունքում՝ աշխատողների գործառույթներն էականորեն ավելացել են եւ վերահսկողական գործունեության եւ ծառայողական շրջայցերի ծավալները։

Միաժամանակ աճել է նաեւ Երիտասարդության հարցերի ու Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության վարչությունների աշխատակիցների գործուղումների քանակը։ Ուստի նախարարությունն առաջարկում է տաքսի ծառայության համար նախատեսված սահմանաչափն ավելացնել 2 միլիոն դրամով։