Փախստականները Հայաստանում ինտեգրման կարիք ունեն (տեսանյութ)
ՀՀ ՏԿԱԻՆ առընթեր Միգրացիոն պետական ծառայության եւ ՄԱԿ-ի փախստականների հանձնակատարի գրասենյակի հետ համագործակցությամբ՝ այսօր Երեւանում տեղի ունեցավ փախստականների ինտեգրմանն ուղղված համաժողով: Համաժողովի ընթացքում ներկայացվեցին փախստականների տնտեսական ինտեգրման վերաբերյալ հետազոտությունը, որն իրականացրել է «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպությունը, եւ ՀՀ ՏԿԱԻՆ Միգրացիոն պետական ծառայության կողմից մշակված՝ «ՀՀ-ում իմիգրանտների ինտեգրացիայի քաղաքականության հայեցակարգի» նախագիծը: «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Արսեն Ստեփանյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Արդեն մի քանի տարի է՝ Հայաստանն արձագանքում է Սիրիայի պատերազմին, եւ Սիրիայից Հայաստան են տեղափոխվել բազմաթիվ սիրիահայեր: Եթե մի քանի տարի առաջ մենք հույս ունեինք, որ պատերազմը կարճ կտեւի, եւ սիրիահայերը կվերադառնան իրենց բնակավայրեր, բայց ամեն օր, ամեն ամիս, ամեն տարի իրավիճակը փոխվում է: Ներկայումս տեսնում ենք, որ պատերազմը շարունակվում է, եւ փախստականներն ավելի են շատանում, ինչպես Եվրոպայում, այնպես էլ՝ Հայաստանում: Արսեն Ստեփանյանը հավելեց, որ ներկայումս փախստականների թիվը Հայաստանում 16,5 հազար է, եւ ակնկալվում է, որ այդ թիվը կհասնի 17 հազարի: «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության իրականացրած հետազոտությունը ցույց է տվել, որ փախստականները Հայաստանում ինտեգրման կարիք ունեն: «Խնդիրը բավականին բարդ է, եւ միայն Սփյուռքի նախարարությունը, Միգրացիոն ծառայությունը եւ հասարակական կազմակերպությունները չեն կարող լուծել: Ընդհանուր ռազմավարություն պետք է լինի, որտեղ ներգրավված կլինեն սոցիալական, կրթության, բիզնես եւ տնտեսական ոլորտների պատասխանատուները»: