Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թափառող շներն ահաբեկում են բնակիչներին. վերջիններս բակ են իջնում «զինված» (տեսանյութ)

Հասարակություն
shner

Արդեն երկու օր է՝ Կոմիտաս 23/3 եւ 4 շենքերի բնակիչները ստիպված են «զինված» դուրս գալ տանից, իսկ պատճառը բակում թափառող շներն են, որոնք առավոտյան եւ երեկոյան ժամերին հարձակվում են մարդկանց վրա: Նրանց զոհերից է Իզաբելա Աբգարյանը, ում վրա երեկ հինգ շուն է հարձակվել: «Ա1+»-ի թղթակցի հետ զրույցում նա ասաց, որ ահազանգել է համապատասխան մարմինների. «Սկզբից 911 զանգահարեցի, հետո 1-08: Ընդունել էին իմ ահազանգն ու խոստացել, որ հարցն անպայման կլուծվի, բայց երեկ չեկան, եւ արդեն երեկոյան շները հարձակվեցին նաեւ 10-ամյա մի երեխայի վրա: Այսօր առավոտյան էլ ես փոշեկուլի ձողով էի քշում շներին: Առավոտյան շները ամենագազազածն են, ցերեկային ժամերին անհետանում են, այնուհետ, մութն ընկնելուն պես՝ կրկին հայտնվում եւ ահաբեկում բնակիչներին»,-ասաց նա՝ հավելելով, որ շները անգամ շքամուտք են մտնում: Իզաբելա Աբգարյանը նշեց, որ իր ահազանգերից հետո այսօր միայն «Յունիգրաֆ-իքս» ընկերությունից զանգահարել են իրեն՝ նշելով, թե տեղյակ չէին խնդրից. «Ասացին՝ 1-08-ը մեզ տեղյակ չի պահել: Իրար վրա են գցում, ինչպես միշտ»: Մեր զրուցակիցը հույս ունի, որ այսօր, այնուամենայնիվ, խնդիրը լուծում կստանա: Նշենք, որ «Ա1+»-ի թղթակիցը նույնպես զանգահարել էր «Յունիգրաֆ-իքս» ընկերություն, որտեղից մեզ հայտնեցին, թե նման ահազանգ չեն ստացել: Ստորև՝ Իզաբելա Աբգարյանի տեսանյութը