Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Այս երկիրը կանայք էին պահում, հիմա արդեն այլ է». «Հալեպ»-ի ղեկավար (տեսանյութ)

Հասարակություն
tonavajar-nkar

Վաղը Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում առավոտյան ժամը 10.00-ից մինչև երեկոյան 18.00-ն տեղի կունենա բարեգործական տոնավաճառ՝ նվիրված Ամանորին և Սուրբ ծննդին։ Մասնակցում են տեղական և միջազգային կազմակերպություններ, տարբեր մարզերից կին ձեռներեցներ, դեսպանություններ։ Կազմակերպիչը Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան է, որի հիմնադիր-նախագահ Լիլիթ Ասատրյանն այսօր նշեց. «Հիմնական նպատակներից մեկն է հերթական անգամ խրախուսել կին արտադրողներին։ Ներկայացված է լինելու սնունդ, հուշանվերներ, այլ հետաքրքիր իրեր»։ Տոնավաճառի ընթացքում լինելու է նաև մշակութային միջոցառում՝ երիտասարդ կատարողների մասնակցությամբ։ Մի անկյուն հատկացված է լինելու փոքրիկներին, ինչպես նաև՝ անցկացվելու է վիճակահանություն, որի ընթացքում խաղարկվելու են նվերներ։ Միջոցառման ակտիվ մասնակիցներից են արդեն մի քանի տարի ձեռներեցության մեջ հաջողած «Էկո վիլիջ» ռիզորթի հիմնադիր Քերոլայն Զաքարյանը և «Հալեպ» համեմունքների խանութի հիմնադիր Ալին Մասրլյանը։ «Երբ 1998-ին եկա Հայաստան, զարմացել էի, որ տղամարդիկ չկային, բոլորը դրսում էին։ Այս երկիրը կանայք էին պահում։ Հիմա արդեն տեսնում եմ, որ փոխվել է, հատկապես երիտասարդ տղաներն աշխատում են այստեղ։ Իմ բիզնեսը նորույթ էր այն ժամանակ, դրա համար էլ հաջողեցի։ Հիմա արդեն մրցակիցներ կան»,-նշեց «Հալեպ»-ի ղեկավարը։ Իսկ հայկական առաջին էկո-ռեստորանի հիմնադիրն էլ շեշտեց. «Մեզ մոտ ամբողջ սնունդն էկոլոգիապես մաքուր է, ամեն ինչ մենք ենք պատրաստում գյուղում։ Դժվարություններ առանձնապես չկան»։ Նշենք, որ վաղվա բարեգործական տոնավաճառից ստացված ողջ հասույթը տրամադրվելու է երկրում կանանց ձեռներեցության ծրագրերի իրականացմանը։