Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հերթով առևանգում են  «Հակահարված արտ» խմբի անդամներին. թարմացված

Հասարակություն
Hakaharvac-nkar

17։00. «Ես, Սիփան Փաշինյանը նստեցինք Սիփանի մեքենան, որ շարժվենք, բայց անհայտ անձինք եկան ու ասեցին, որ ոչ մի տեղ չգնանք։ Հարցրինք, թե ովքեր են իրենք, ներկայացան, թե ԱԱԾ-ից են։ Րոպեներ անց մենք տեսանք, որ դիմացի փողոցում ծեծկռտուք է տեղի ունենում։ Հենց նույն՝ԱԱԾ-ից ներկայացող մարդիկ հարվածում ու հայհոյում էին մեր ընկերներին։ Միջադեպից հետո անհետացավ մեր մյուս ընկերը՝Արման Ղարիբյանը»։ Մեզ հետ զրույցում Հերբերտ Գեւորգյանը ասաց, որ երեկ, երբ Արտակ Գեւորգյանին կենտրոնի ոստիկանությունից ազատ են արձակել, ամեն ինչ կարգին էր։ Իսկ այսօր չեն կարողանում հասկանալ՝ ինչ է կատարվում ու թե որտեղ են իրենց ընկերները։ 16։42. «Հակահարված արտ» խմբից ահազանգում են, որ նախաձեռնության անդամ, քաղաքացիական ակտիվիստ Արտակ Գեւորգյանին և Արեգ Առաքելյանին Կողբացի փողոցից քաղաքացիական անձինք ձեռնաշղթաներ են հագցրել, նստեցրել մեքենան ու տարել: Արտակ Գեւորգյանի ընկերները տեղի ունեցածը համարում են ԱԱԾ-ի ձեռագիրը։ ԱԱԾ-ից, սակայն, տեղեկատվություն ստանալ չի հաջողվում, լրատվական բաժնից հեռախոսազանգերին չեն պատասխանում։ «Արտակ Գևորգյան անուն-ազգանունով անձ ոստիկանություն բերման չի ենթարկվել»,-այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում նշեց ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը։ Նշենք, որ Արտակ Գևորգյանի հեռախոսահամարն անհասանելի է։ Նշենք, որ րոպեներ առաջ «Հակահարված» խմբի էջում նշված է այն մասին, որ մի խումբ մարդիկ հարձակվել են խմբի անդամների վրա, ներկայացել որպես ԱԱԾ աշխատակիցներ, հայհոյանքներ օգտագործել և առևանգել խմբի մեկ այլ անդամ Արման Ղարիբյանին։ Եվս երկու երիտասարդների՝ Սիփան Փաշինյանին և Հերբերտ Գևորգյանին առևանգելու փորձ է արվել։ Նրանց նստեցրել են Սիփանի մեքենան, բանալին վերցրել և հրահանգել դուրս չգալ մեքենայից։ Դարձյալ ԱԱԾ աշխատակիցներ ներկայացած անձինք երիտասարդին վերադարձրել են մեքենայի բանալին և հեռացել։