Արկադի Տեր-Թադևոսյանը պարգևատրվեց մոտոկրոսին աջակցելու համար (տեսանյութ)
Դրսում մեքենաների ցուցադրություն, ներսում՝ մրցանակաբաշխություն։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և «STR ավտոսիրողների ակումբ» մարզական ՀԿ նախաձեռնությամբ այսօր տեղի ունեցավ քարտինգի և մոտոկրոսի մրցույթների արդյունքների ամփոփում, մրցանակների հանձնման արարողություն։
«STR ավտոսիրողների ակումբ» մարզական ՀԿ նախագահ Արսեն Մանուկյանը նշեց. «Այս տարի ակումբը ունեցել է մի շարք միջոցառումներ՝ ավարտելով հաջողությամբ»։
Մարզիկներից 28-ամյա Հրանտ Սարկիսովը ճանաչվեց մոտոկրոսի բացարձակ չեմպիոն։ «Ա1+»-ի հետ զրույցում նա նշեց. «6 տարեկանից զբաղվում եմ մոտոկրոսով։ Ունեմ բազմաթիվ մեդալներ, մրցանակներ։ Այս տարի մասնակցել եմ նաև Մոտոկրոսի Կովկասի առաջնությանը Վրաստանում, գրավել եմ 3-րդ տեղ, քանի որ մեր տեխնիկան մի փոքր թույլ էր։ Եթե կարողանում ես հեծանիվ քշել, կարող ես նաև մոտո քշել, բայց մոտոցիկլետ քշելն այնքան էլ հեշտ բան չի, ուժ է պետք»։
Հաղթողները ստացան մեդալներ, գավաթներ, ինչպես նաև՝ սպորտային համազգեստ։
Հաղթողներին պարգևատրեցին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախագահ Կարեն Ավագյանը։
Շնորհակալագիր ստացավ նաև արցախյան պատերազմի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը՝ մոտոկրոսին աջակցության համար։
