Քաղաքացիները պատրաստ են պարտքով Ամանորի ճոխ սեղան պատրաստել (տեսանյութ)
Հայաստանում վարկով կամ պարտքով Ամանոր տոնելը դառնում է ավանդույթ: Եկամուտները չեն բավարարում, իսկ ապրանքների գները տարեց տարի բարձրանում են: Այս կապակցությամբ մեր քաղաքացիները «Ա1+»-ի հետ զրույցում նշում են. «Փոխանակ էժանանա, Նոր տարվան ընդառաջ զեղչեր արվեն, մեր առևտրականները շահույթ են հետապնդում Ամանորի կապակցությամբ՝ օգտվելով պահանջարկի մեծացումից»: «Եթե մարդը այսօրվա դրությամբ ի վիճակի չէ այդ գումարը տրամադրել, գնա վարկ վերցնի, հետագայում այդ վարկը ինչպես է փակելու: Եթե չունի հնարավորություն, չպետք է անի կամ իր հնարավորությունների սահմաններում պետք է անի»: «Ստիպված են խնայողություն անել, նույնիսկ մարդիկ պարտք են անում»: «Դե երևի պետք է ավելի լավ աշխատել ուղղակի»: Գործազրկության, ցածր աշխատավարձերի, երկրի ընդհանուր սոցիալ-տնտեսական անբարենպաստ պայմանների պարագայում Ամանոր տոնելը մեր համաքաղաքացիների կարծիքով՝ դարձել է ոչ թե ուրախության առիթ, այլ պարզապես շրջապատին սեղանի ճոխությամբ զարմացնելու միջոց: «Դրսից են մեզ օգնում, ողորմություն ենք ուզում, որ կարողանանք մի հատ սեղան դնենք, ինչի համար, էս որ թիվն ա»: «Գնացեք մի հատ «Երևան սիթի»-ի Մասիվի խանութը, նայեք այնտեղ մարդիկ նստած 200 հազարով փող են բաժանում, անձնագրերը վերցնում ու փող են բաժանում ու ասում են էստեղից առևտուր արեք: Ժողովրդի ձեռքը նաղդ փող չկա, իրանք էլ ստիպված գնում են էնտեղից փող են վերցնում, որ առևտուր անեն, որ Սամվել Ալեքսանյանն էլ ավելի չաղանա»: Նախատոնական օրերին խանութներում ու շուկաներում արդեն նկատելի է որոշ ապրանքատեսակների գների թանկացում, ինչը ևս քաղաքացիների համար մտահոգության առիթ է հանդիսանում։ Այսուհանդերձ, քաղաքացիները համոզված են, որ Ամանորը այն տոնն է , որը չես կարող չնշել՝ անկախ սոցիալական վիճակից, սակայն կուզենային, որ այն տոնելու այլ մշակույթ ձևավորվեր, այսինքն` պարզապես ուրախանալ հաճելի միջավայրում, ոչ թե մրցել սեղանների առատությամբ: Մանրամասները՝ տեսանյութում: