Հայաստանում համակարգիչների 2/3-ը վարակված է
Հայաստանում բնակչության մոտ վաթսուն տոկոսն օգտվում է ինտերնետից: Այս մասին այսօր՝ ինտերնետի ծննդյան օրը, ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: «Եվ պետք է ասեմ, որ ըստ Կասպերսկու զեկույցի՝ Հայաստանում համակարգիչների 2/3-ը վարակված է»,-ասաց նա: Ներկայումս այս կամ այն պետությունը կարող է, այսպես ասած, անջատել մյուսի ինտերնետը: «Օրինակ 2007-ին ռուսաստանյան հակերների կողմից Էստոնիայի ինտերնետն անջատվել էր: Արդյունքում այդ երկրի ամբողջ գործունեությունը պարալիզացվել էր: Եթե օրինակ Միացյալ նահանգների կառավարությունը ցանկանա, կարող է հրահանգել, որ մի դոմենային գոտի ջնջեն: Փորձ է արվում հարձակվելու նաև գլոբալ ինտերնետի վրա»: Համացանցը գնում է հաստատուն զարգացման ճանապարհով: Սակայն որոշ երկրների կողմից փորձ է արվում նաև ստեղծել նոր ինտերնետ: Օրինակ Չինաստանը հետևողականորեն ընթանում է այդ ճանապարհով: «Ոչ ոք չգիտի՝ ինչ է կատարվում իրենց ինտերնետում, իրենք էլ մեր ինտերնետային շատ կայքեր մուտք չունեն»: