Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էմիր Կուստուրիցա. Ամեն ինչ գրողի ծոցն է գնում (տեսանյութ)

Մշակույթ
im5HJUOcpX0

Աշխարհը փոքրացել է, ու ամեն ինչ գրողի ծոցն է գնում. սերբ ռեժիսոր, պրոդյուսեր, կոմպոզիտոր Էմիր Կուստուրիցան ասում է այս խոսքերը Երեւանում, որտեղ երեկոյան ելույթ է ունենալու իր ղեկավարած «The No Smoking Orchesta» խմբի հետ ։ Հետո բացում է փակագծերը. «Մի կատակ կա ծերացող մարդկանց մասին` երբ որոշակի մի փուլի հասնում ես կյանքում, մտածում ես` այդ ջահելները ամեն ինչով զբաղվում են: Հիմա էլ հոգիդ այնպես չէ, ինչպես առաջ էր: Այսօր ես կասեի, որ հիմա ամեն ինչ արագացված տեմպերով գնում է գրողի ծոցը: Մեզ փրկելու միակ ձևը այնպիսի սոցիալական միջավայր ստեղծելն է, որ մարդիկ իրենց լավ կզգան»: Ռեժիսորը վստահ է՝ քաղաքական մղձավանջներից գլուխն ազատելու լավագույն տարբերակը արվեստն է, կինոն պատերազմը վերափոխելու եղանակ է, կինոյում ռեժիսորը գեներալ է: Կուստուրիցան դաժան կանխատեսում ունի՝ մենք` քրիստոնյաներս, ոչնչացման շեմին ենք: Քրիստոնեության վատ վիճակի մասին է վկայում ներկայիս Եվրոպան, քրիստոնեությունն ուղղակի կտտանքների է ենթարկվում: Այդպես նրան մտածելու տեղիք է տվել անպատասխան մնացած մի հարց` ինչու փախստականները ուղղակի չեն գնում Սաուդյան Արաբիա, որը ամենահարուստ երկրներից մեկն է, այլ գալիս են Եվրոպա` կտրել-անցնելով ավելի երկար ճանապարհ: Ընդամենը մի քանի տարի առաջ քրիստոնեություն ընդունած սերբ ռեժիսորը ընդգծում է. «Երբ ես կնքվեցի, դարձա քրիստոնյա, այդ ժամանակ քրիստոնեության վատ շրջանն էր, բայց քանի որ ես հավատում եմ արվեստին, ես նաև հավատում եմ Աստծուն»: Ինքը նաեւ հատուկ կարծիք ունի ԱՄՆ-ի մասին. «Կարծում եմ՝ աշխարհը շատ թանկ է վճարում Ամերիկայի հարմարավետության համար»: Ռեժիսորը հիշեցնում ամերիկացիների ներխուժումը Իրաք, Սիրիական ճգնաժամը, Քադաֆիի սպանությունը։ Իսկ ինչ կխնդրեր Ձմեռ պապից, հաստատ ոչ «Կոկա-կոլա» ։ «Սանտայից «Կոկա-կոլա» չեմ ուզի, որովհետեւ գնալով «Կոկա-կոլան» իրենով է անում: Մի քանի բան կխնդրեի, որ մի գերբնական ուժով Աստված հետ պահեր մեզ պատերազմից, Մարադոնան էլ գործազուրկ չմնար», -կատակում է ռեժիսորը։ Հումորը հումոր, բայց տխրությամբ արձանագրել է մի երեւույթ. ՝ ժամանակակից կյանքը մերժում է արվեստը, արվեստի ազդեցությունը նսեմացել է. « Ցավոք, այսօր եթե աստղ ես, կարող ես ազդեցություն ունենալ, իսկ եթե արվեստի դեմք ես՝ ոչ»: Ի դեպ, երգիչ, ռեժիսոր կուստուրիցաներից Էմիր Կուստուրիցան ավելի շատ նախընտրում է գրող Կուստուրիցային: