Ինչպես պահել սնունդն Ամանորին (տեսանյութ)
Չօգտագործել անհայտ ծագման սունկ. Առողջապահության նախարարության առողջապահական պետական տեսչության հիգիենայի բաժնի գլխավոր մասնագետ Լիլիթ Հունանյանը հիշեցնում է, որ 2015 թ. գրանցվել է սնկի թունավորման 35 դեպք՝ 47 տուժածով, որից երկուսը մահացել են։ Գրանցվել է բոտուլիզմի 15 դեպք, իսկ սննդային թունավորումներից տուժել է 286 անձ: Նախորդ տարվա հետ համեմատած՝ դեպքերի թիվը աճել է: Ամանորյա թունավորումներից զերծ մնալու համար գլխավոր մասնագետը խորհուրդ է տալիս շրջապատը, անձնական հիգիենան մաքուր պահել, ձեռքերը պարբերաբար լվանալ, հում մթերքը պատրաստիից առանձնացնել. «Երբեք չի կարելի միասին մշակել, դա կբերի լուրջ հետեւանքների: Սնունդը չպետք է պատրաստեն նաեւ հիվանդ մարդիկ»,- հիշեցնում է նա: Լիլիթ Հունանյանը հիշեցնում է, որ ամանորյա սեղանի զարդը՝ խոզի բուդը, սենյակային ջերմաստիճանում կարելի է պահել 6, իսկ սառնարանում՝ 72 ժամ, բլինչիկը՝ նրբաբլիթը, սառնարանում կարելի է պահել ընդամենը 48 ժամ, իսկ խմորեղենը՝ 72ժամ: Մայոնեզով եւ թթվասերով համեմված աղցանները կարելի է սառնարանում պահել 6 ժամ, իսկ եթե համեմված չէ՝ 12 ժամ: Նա նաեւ խորհուրդ տվեց Ամանորին խմիչքը չչարաշահել, օրվա ընթացքում կարելի է խմել ընդամենը 50 գրամ օղի, ինչպես նաեւ չի կարելի մի խմիչքը խառնել մյուսի հետ: