«ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ՍՐԻՆԳԸ»՝ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԵՐԵՒԱՆՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինԱրգենտինացի դիրիժոր Ֆակունդո Ագուդին ասում է, որ երջանիկ է ու հուզված, որ Հայաստանում է եւ ունի հնարավորություն աշխատելու Սպենդիարյանի անվան Ազգային օպերայի եւ բալետի թատրոնի հետ: «Ես ամենալավն եմ լինելու»,- խոստանում է դիրիժորը:
Մարտի 17-ին եւ 18-ին Ագուդինը ղեկավարելու է Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերայի համերգային կատարումը՝ նվիրված հռչակավոր կոմպոզիտորի 250-ամյա հոբելյանին: Իսկ մի քանի ամիս անց՝ մայիսին եւ հունիսին, նրա ղեկավարությամբ տեղի կունենա օպերայի բեմադրությունը, որին կմասնակցեն մենակատարներ Հայաստանից եւ Եվրոպայից. բեմադրող ռեժիսորը կլինի երմանիայից, բեմական լուսավորության դիզայները՝ Իսրայելից, զգեստների դիզայները՝ Շվեյցարիայից:
Ներկայացումը նաեւ թողարկվելու է DVD սկավառակներով, ինչպես նաեւ հեռարձակվելու է Հայաստանում եւ եվրոպական մի շարք երկրներում: Այս նախագիծն իրականցնում են Հայաստանի Ազգային օպերայի եւ բալետի թատրոնը, Orchestre Symphonique du Jura-ն (Շվեյցարիա), Festival Musique des Lumieres -ը (Շվեյցարիա) եւ «Կադանս» երաժշտական կենտրոնը: Ի դեպ, Ագուտինի ցանկությամբ, մարտի 18-ի համերգին ներկա են լինելու մայրաքաղաքի դպրոցների աշակերտները: Ըստ թատրոնի գլխավոր ադմինիստրատորի՝ իրենք տոմսերը տվել են Երեւանի քաղաքապետարանի Կրթության վարչությանը՝ բաշխելու համար:
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանը նաեւ հայտարարեց, թե մեր թատրոնում առավել քան երբեւէ երգիչների «հիանալի կազմ կա», միանգամից՝ երեք Դոն Ժուանա-ցուներ՝ «բարձրահասակ, գեղեցիկ»: «Թե չէ մի հոգու որ լինում է, մի քամուց հիվանդանում է եւ ներկայացումը հանում ենք»,- ասում է նա: Մոցարտի «Դոն Ժուանը» այն երեք-չորս օպերաներից մեկն է, որ այս տարվա ընթացքում նախատեսվում է բեմադրել Երեւանում: Թատրոնի դիրիժոր Կարեն Դուրգարյանը «Ա1+»-ին ասաց, որ իրենց համար պատվի խնդիր է հատկապես «Արշակ Երկրորդի» բեմականացումը: Քանի որ օպերայի բեմադրությունը թանկ է, ապա, ըստ Դուրգարյանի, չի բացառվում, որ նախատեսված ներկայացումներից մի քանիսը լինեն զուտ համերգային կատարումներ: