Շինությունները ձյան ծանրությունից թուլացել և կախվել են
Հունվարի 7-ին, ժամը 11.03-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 36 շենքի 9-րդ բնակարանի (5-րդ հարկ) պատշգամբի թիթեղյա ծածկը ձյան ծանրությունից թուլացել և կախվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն ապամոնտաժել են թուլացած թիթեղյա ծածկը: Հունվարի 7-ին, ժամը 10.52-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Միկոյան փողոցի թիվ 16 շենքի 5-րդ հարկի պատշգամբից բետոնե կտորներ են թափվում: Դեպքի վայր են մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ պատշգամբից կախված են բետոնե կտորներ. առկա է ընկնելու վտանգ: Հրշեջ-փրկարարներն ապամոնտաժել են 5-րդ հարկի բացօդյա պատշգամբից կախված բետոնե կտորները: Հունվարի 1-ին, ժամը 10.16-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղի Թանահատի փողոց 2 տան բակում ձյան ծանրությունից փլուզվել է շինության տանիք: Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ձյան շերտի ծանրությունից փլուզվել է Մ. Ա.-ին պատկանող օժանդակ շինության տանիքը (մոտ 54 քմ):