Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ս. Մայրապետյանի ընկերությունը բնակիչներին վտարում է իրենց տներից (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
ss

Անդրանիկ Մկրտչյանը երկամսյա ժամկետում պարտավոր է ազատել մայրաքաղաքի Լալայանց 37 հասցեի իր բնակարանը, որտեղ ապրում է արդեն 66 տարի։ Նման որոշում կայացրել է Վճռաբեկ դատարանը «Բայց մենք կատեգորիկ կերպով բնակարանը չենք ազատելու։ Եթե կգան մեզ ուժով կհանեն, մենք էլ պարտավոր ենք ինքնապաշտպանության, ռադիկալ միջոցների դիմել»,- «Ա1+»-ին ասաց Անդրանիկ Մկրտչյանը: Արդեն 8 տարի է՝ Տերյան 23, 25 եւ Լալայանց 37 շենքերի բնակիչները պայքարում են իրենց բնակարաններից չվտարվելու համար: Տարածքը ճանաչվել է իրացման գոտի եւ ձեռքբերող է ճանաչվել «Լոքալ Դեվելոփերս» ընկերությունը, որի սեփականատերն է Սամվել Մայրապետյանը: Իրենց իրավունքների համար պայքարողները հայտարարում են, որ մինչ օրս հայտնի չէ, թե ինչ է կառուցվելու շենքի փոխարեն, նախագիծ չկա։ «Սա ընդամենը միտում է մարդկանց տեղահանելու եւ նրանց սեփականության հաշվին գերշահույթ ստանալու»,- ասում է Տերյան 23 շենքի բնակիչ Վարդան Գերավետյանը: Նա նշում է, որ բնակիչները   դեռ երկու ամիս առաջ դիմել են Սերժ Սարգսյանին՝ խնդրի լուծման համար: «Դուրս է եկել եւ ասել է, որ կզբաղվեն այդ խնդրով եւ երկու ամիս է՝ զբաղվում են: Իշխանությունների կողմից որոշակի խոստումներ են եղել, իբրեւ հատուցման մասին»,- ավելացնում է «Մեր քաղաք»-ը նախաձեռնության անդամը: Բնակիչներին որպես փոխհատուցում 1 քմ համար առաջարկվել է 750-ից մինչեւ 850 ԱՄՆ դոլար, ինչը համարժեք չէ շուկայական գներին։ Բնակիչները, սակայն, ավելի շատ պայքարում են, որպեսզի շենքը չքանդեն, որտեղ ժամանակին ապրել են մշակույթի եւ գիտության շատ հայտնի դեմքեր։ «Նմանատիպ շինություն կա Թումանյան փողոցի վրա, որտեղ ապրում է Սաշիկ Սարգսյանը, նրա շենքը երեք հարկանի է եւ նորից երեսպատվել է, խնդիրը նրանում է, թե ում է այս շենքը պատկանում:   Ես կուզենամ, որ մեր մշակութային հին կոթողները փրկվեն, լինեն այդ մարդկանց, այդ տիպի մարդկանց, թող Մայրապետյանին լինեն, թող կշտանա այդ շենքերով»,- նշում է Վարդան Գերավետյանը: Ի դեպ, «Լոքալ Դեվելոփերս»-ը վտարման պահանջով դիմել է դատարան։   Ըստ այդմ՝ երկու օր հետո Վերաքննիչ դատարանը կհրապարակի վճիռ՝ Վարդան   Գերավետյանին վտարելու հայցով։