Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միավորվեք, եւ ոչ թե փախեք տարբեր երկրներ. Անտոնինա Մահարու կտակը՝ հայերին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
Antonina1

92-ամյա Անտոնինա Մահարին տնից գրեթե դուրս չի գալիս, անզեն աչքով էլ պարզ է, որ դրսում լավ բան չկա. «Հիվանդություններ, մարդիկ մահանում են: Ի՞նչ լավ բան կա»: Ինքը նույնը չի ասի իր մասին, տան պայմաններն, իհարկե, լավը չեն, չջեռուցվող սենյակ, պոկված մանրահատակ: Ցուրտն, իհարկե, խանգարում է գրել ու կարդալ, բայց դա ի՞նչ խնդիր է. «Եթե հարեւանս վատ է, ես՝ նույնպես: Իմ հարեւանները հիվանդ են: Ես չեմ կարող մտածել միայն իմ մասին»: Այս տանը մինչեւ 1969 թվականը տիկին Անտոնինան ապրել է հայ մեծ գրող Գուրգեն Մահարու հետ. «Դժբախտ մարդ էր, ահա ինչու ես սիրում էի նրան: Դժբախտ: Վերջ»: Սենյակի բոլոր պատերը պատմում են գրողի կյանքի դրվագների մասին, այստեղ նա Չարենցի հետ է, մեկ այլ նկարում՝ Մարտիրոս Սարյանի հետ, հիշողության այս պատառիկների մեջ է երկու տարի առաջ Սերժ Սարգսյանից ստացած շնորհավորանքի տեքստը։ Բարու հաղթանակի հանդեպ հավատը սառնաշունչ այս սենյակում դարձել է գիր ամենավատ օրերի մասին. «Դա բոլորովին այլ սեր էր, հոգեւոր, ես ուզում էի փրկել նրան, հանել գերեզմանից, իսկ ինքը մահանում էր: Դա ուրիշ էր, ձեզ համար անհասկանալի»: Այս թղթերում Մահարու վերջին օրերի պատմությունն է, տիկին Անտոնինան կրկին պահանջում է կարդալ բարձրաձայն: Մերժել հնարավոր չէ, տեքստում մահացող Գուրգեն Մահարին ներկայացված է որպես սիրելի որդի. «Ամբողջ այս տառապալից ճանապարհը՝ չկա իմ սիրելի որդին, հեռացավ վերջինը ինձ հարազատ մարդկանցից»: Այս հիշողության վերջաբանը սիրո խոստովանություն է հայերին, նաեւ՝ հորդոր է, գրեթե կտակ լիտվացի կնոջ գրչով՝ միավորվեք, եւ ոչ թե փախեք տարբեր երկրներ: Ի՞նչ կարող էր անել այս կինը՝ հանճարի հետ համատեղ կյանքը մաքուր զոհաբերություն է, այդքանից հետո ինքը չի պահանջում, որ իրեն խղճան. «Բոլոր հանճարներն աննորմալներ են: Դուք չգիտեք, գրողները խենթ են, անճար»: Ի դեպ, բնակարանի դուռն այսօր էլ ասում է, որ ներսում ապրում է Գուրգեն Մահարին: