Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մենք Հալեպ ասանք չենք տոներ». սիրիահայերի Ամանորը՝ Հայաստանում (տեսանյութ)

Հասարակություն
siriahay

Այսօր Արարատյան Հայրապետական Թեմի առաջնորդարանը սովորականից մարդաշատ էր: Սիրիահայ համայնքի ներկայացուցիչները տոնում էին Ամանորը եւ Սուրբ Ծնունդը՝ իրենց համայնքի սովորություններով ու հյուրասիրությամբ: Քյուֆթայով մարթադել, խնձորով անուշեղեն, պանրով, դահինով եւ ձիթապտղով խորտիկներ. այս ամենը մի փոքր մասն է կազմում այն ուտեստների, որոնցով Սիրիայի հայերը լցնում են իրենց տոնական սեղանները: Մասնագիտությամբ ճարտարապետ Անի Ասլանյանն ընդամենը չորս օր առաջ է եկել Հայաստան: Ասում է՝ առաջին անգամ է Նոր տարին տոնում այստեղ. «Շատ ուրախ եմ Հայաստան գտնվելուս: Հոս գիտեմ շատ երկար՝ մոտ 13 օր կտոնեն Նոր տարին, որը շատ հաճելի երեւույթ է: Մենք Հալեպ ասանք չենք տոներ, ուղղակի Կաղանդին գիշերը ընտանիքով կհավաքվինք տան հարկեն ներս, մեր մասնավոր ուտեստեղենները կշինենք»,- ասում է նա՝ հավելելով, որ Ամանորի սեղանը զարդարում են թե’ հայկական, թե’ արաբական ուտեստներով: 6 «Հույսի միավոր» սիրիահայ կանանց օժանդակ միության ատենապետուհի Զարուհի Համալյանը հիշում է, թե որքան լավ կյանք են ունեցել Հալեպում եւ ինչպես են այնտեղ տոնել Նոր տարին եւ Սուրբ Ծնունդը. «Ամանորը կտոնեինք մեր քաղաքի մեջ՝ բոլոր հարազատներով հավաքված, զարդարուն տներու մեջ, տոնածառի լույսերը վառած, առատ սեղաններով, մաղթանքներ կմաղթեինք իրար, խնջույքի կվերածվեր»: 5 Արդեն մի քանի տարի է՝ Հայաստան վերադարձած սիրիահայերն ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ իրենց նոր համայնքն են ձևավորել Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցում՝ հոգեւոր հովիվ Տ. Գրիգոր քահանա Գրիգորյանի զորակցությամբ: Միջոցառման ընթացքում շուրջ 40 սիրիահայ փոքրիկների Ձմեռ պապը նվերներ հանձնեց: