«Գնալով կյանքը վատանում է». տուրիստական ընկերության տնօրենը պասիվություն է նկատում
Հայաստան, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա, Հնդկաստան, Մալի, Մոնղոլիա, Ալժիր, Գամբիա, Բանգլադեշ. ահա այն երկրների ցանկը, որոնցից Գերմանիան փախստական չի ընդունի: Սա հայտնի դարձավ երկու օր առաջ՝ Գերմանիայի կառավարության հրապարակած ցուցակից: Վերոնշյալ երկրները համարվում են անվտանգ, քանի որ քաղաքական հետապնդումներ չկան այնտեղ: Եվ այս, այդ թվում՝ մեր երկրից, դիմած քաղաքացիների հայցերը բավարարվում են 10 տոկոսից էլ պակաս դեպքերում: Դժվար է ասել, թե տարեկան քանի՞ հայաստանցի է մեկնում Գերմանիա՝ մշտական բնակության, սակայն փաստ է, որ այն մեծ հետաքրքրություն վայելող եվրոպական երկրների շարքում է: «Այս ամիս դիմելիությունն այնքան էլ մեծ չէ, համարյա զրոյական է, սակայն ամռան շրջանում բավականին շատ են դիմում: Հանգստի մեկնողների 10 տոկոսը նախընտրում է հենց այս ուղղությունը: Բացի այդ, Գերմանիայի դեսպանատան միջոցով մեկնում են նաև Ավստրիա, Բրյուսել, Դանիա»,-«Ա1+»-ի հետ զրույցում նշեց «Ջոյ տուր» տուրիստական ընկերության տնօրեն Լիլիթ Ալեքսանյանը: Հարցին, թե ամանորյա փաթեթների պարագայում որքա՞ն է եղել շարժը, արդյո՞ք դիմողներ շատ են եղել, Լիլիթն ասաց. «Կարող եմ ասել՝ շատ չեն եղել, շարժը միջին է եղել: Հիմնականում մեր ընկերության միջոցով մեկնել են Թբիլիսի, Դուբայ, Շարժա»: Ի դեպ՝ մեկ անձի համար Ամանորին մեկնելու համար փաթեթները եղել են՝ սկսած 1000 դոլարից: Տուրիստական ընկերության ղեկավարը տարեցտարի նկատում է մեկնումների պակաս: «Վատ վիճակ է, պասիվություն կա: Ես տեսնում եմ, որ գնալով կյանքը վատանում է: Մարդիկ այժմ հիմնականում նախընտրում են ավելի մատչելի ուղղություններ»,-շեշտեց Լիլիթը: