«Արամի փողոցը կարող է հիմնահատակ ավերվել» (տեսանյութ)
«Մենք անփութորեն շարունակում ենք աղավաղել մեր քաղաքի դեմքը, այդ իսկ պատճառով Երեւանի կերպարը վերջին տարիներին շատ է փոխվել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց նկարիչ Հաղթանակ Շահումյանը: Անդրադառնալով «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի ապամոնտաժման որոշմանը՝ վերջինս ցավով նշեց, որ ամեն ինչ թողնվում է սեփականատերերի կամքին: «Մենք մեր պատմությունը չպետք է ջնջենք, հնարավոր է հինը պահպանելով՝ ստեղծել նորը»,- ասում է ՀՀ վաստակավոր նկարիչը: Հաղթանակ Շահումյանը միաժամանակ չի բացառում, որ հնարավոր է օդանավակայանի հին շենքը ներկա պահանջներին չի համապատասխանում, սակայն այն հնարավոր է այլընտրանքային տարբերակներով շահագործել: Միեւնույն ժամանակ նա չի կարծում, որ օդանավակայանի հին շենքը ապամոնտաժելու մտքից համապատասխան օղակները հետ կկանգնեն: Քանդակագործ Լեւոն Թոքմաջյանն էլ ավելացնում է՝ մտավորականների ձայնը լսելի չէ, հակառակ դեպքում «Զվարթնոցի» հին շենքը կպահպանվի: Նրա խոսքերով՝ աշտարակը շատ գեղեցիկ կառույց է եւ իր մեջ կենդանի շունչ ունի: «Վերջին տարիներին կառուցվող շենքերը կենդանություն չունեն: Էլիտար շենքերում ոչ հոգի կա, ոչ կյանք»: «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոներ Էդուարդո Էռնեկյանին նա կոչ արեց հապճեպ որոշումներ չկայացնել եւ հին շենքը ապամոնտաժելուց առաջ շենքի շահագործման նախագծեր մշակել լուրջ մասնագետների հետ: Անդրադառնալով Արամի 30 հասցեն քանդելուն՝ քանդակագործը մտավախություն հայտնեց, որ Արամի փողոցն էլ կարող է հիմնահատակ ավերվել: «Աստված տա, որ գոնե Արամ Մանուկյանի տունը պահպանվի, որպես փաստ մնա»,- եզրափակեց քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը: