Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ԱՍՏՂԱԲՈՒՅԼՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Մշակույթ

«XXI-ի հեռանկարներ» յոթերորդ երաժշտական փառատոնի շրջանակներում Հայաստանում է մեծանուն թավջութակահար Դավիդ Գերինգասն ու նրա տիկինը Տատյանա Գերինգասը: Նրանց համատեղ համերգը կկայանա մարտի 21-ին Կամերային երաժշտության տանը: Իսկ մարտի 23-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Դավիդ Գերինգասի եւ «Սերենադ» կամերային նվագախմբի համերգը, որտեղ նա հանդես կգա մենակատարի եւ դիրիժորի դերերում:

«Ուրախ եմ, որ Հայաստանում եմ իմ մշտական գործընկերուհուս՝ կնոջս հետ: Շատ հայտնի կոմպոզիտորներ են մեղեդիներ գրում մեզ համար, որոնցից մեկը կհնչի վաղը մեր համերգի ժամանակ»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Դավիդ Գերինգասը:

Դավիդը ծնվել է Լիտվիայում, կինը` Մոսկվայի շրջանում, մինչդեռ ապրում են Գերմանիայում, իսկ հանգիստը, որպես կանոն, անցկացնում Իտալիայում: Սեփական հայրենիքը համարում են. «Կարծում եմ՝ մարդու հայրենիքը գտնվում է սրտի ներսում: Դժվար է ասել, թե որտեղ ենք մեզ լավ զգում: Մեր հայրենիքը մեր բեմն է»:

Դավիդ Գերինգասը Չայկովսկու անվան մրցույթի առաջին մրցանակակիր է, ելույթներ է ունեցել Ալբրեխտի, Աշկենազիի, Բորեյկոյի, Ռոստրոպովիչի, Ռեթըլի, Էշենբախի եւ այլոց ղեկավարությամբ: Նոր երաժշտության տարածման համար արժանացել է Շլեզվիգ-Հոլշտայնի մշակութային միավորման «Kultur Aktuell» մրցանակին: Ղեկավարել է սիմֆոնիկ եւ կամերային լավագույն կոլեկտիվներ Գերմանիայում, Իտալիայում, Մեքսիկայում, Հոլանդիայում եւ այլուր:

Ինչպես հավաստում է Տատյանա Գերինգասը, ամուսնու հետ ապրում է 39 տարի, իսկ միեւնույն գործում հանդես գալը ոչ թե խանգարում է ընտանեկան կյանքին, այլ հակառակը: Երաժիշտ ամուսինները սիրում են հայկական մշակույթը, պատմությունը, անգամ Վիեննայում Դավիդ Գերինգասը նվագել է Կոմիտասի «Կռունկը»:

Ի դեպ, իբրեւ փառատոնի հյուրեր, Հայաստան են այցելել Լոնդոնի Սինֆոնետան, Յուրի Բաշմետը եւ «Մոսկվայի մենակատարներ» նվագախումբը, «Քրոնոս» քառյակը, «Տոկիո» լարային քառյակը, Վիկտոր Տրետյակովը, Սթիվեն Իսսերլիսը, Ալեքսեյ Լյուբիմովը, Գիդոն Կրեմերը եւ այլոք: Ինչպես մասնագետներն են կարծում` այդ փառատոնը Հայաստան բերեց դասական ամենաբարձր որակը, որին համաժեք չէր եղել նախկինում:

2000թ.-ին Հայ երաժշտական ինֆորմացիոն կենտրոնի կողմից Երեւանում հիմնադրվել եւ անցկացվում է ամենամյա «XXI-ի հեռանկարներ» երաժշտական միջազգային փառատոնը: Ըստ փառատոնի կազմակերպիչների՝ այն մեր երկրի միակ դասական եւ ժամանակակից երաժշտական փառատոնն է, որն իր գեղարվեստական բարձր որակի եւ տեւականության շնորհիվ դարձել է Հայաստանի, ողջ Անդրկովկասի եւ ԱՊՀ տարածքի ամենաներակայացուցչական մշակութային միջոցառումներից մեկը:

Իսկ ըստ Visiting Arts Արվեստի Բրիտանական Ազգային գործակալության` «XXI-ի հեռանկարների գեղարվեստական նվաճումները համեմատելի են երկրագնդի ամենաճանաչված փառատոնների հետ, իսկ փառատոնի գործունեությունը նպաստում է Հայաստանի ճանաչմանը՝ որպես եվրոպական եւ համաշխարհային մշակութային դաշտում կարեւոր դերակատարի»: