«ՍԻՐՈ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ»
Աջակցիր «Ա1+»-ին«Որտեղ գնում է Բոլիվուդը, այնտեղ գնում է տուրիզմը». ժամանակակից Հնդկաստանի այս իրողությունը խորհրդանշական է այն դեպքում, երբ Հայաստան առաջին անգամ այցելել են Բոլիվուդի միանգամից երեք ներկայացուցիչներ: Վերջիններս Հայաստան են ժամանել հնդկական 17 հոգանոց պատվիրակության կազմում, որտեղ ներգրավված են նաեւ ադամանդագործության, ոսկերչության, տեղեկատվական տեխնոլոգիաների, դեղագործության եւ մետաղաշինության ոլորտի ներկայացուցիչները:
Մուքեշ Բաթթը, օրինակ, ամեն տարի Բոլիվուդում արտադրվող 1000 ֆիլմերից 5-ի հեղինակն է: Բոլիվուդում սովորական երեւույթ է, որ ֆիլմի որոշակի հատվածը նկարահանվի այլ երկրներում՝ տեսարժան վայերն օգտագործելով: Դա է պատճառը, որ հայ-հնդկական համագործակցության մեջ այսուհետ մեծ ուշադրություն է դարձվելու հատկապես Բոլիվուդի հետ համագործակցությանը: Կողմերը հույսեր են փայփայում, որ մինչեւ այս տարվա վերջը կնկարահանվի հայ-հնդկական համատեղ առաջին աշխատանքը:
Այդ խնդրի կարեւորությունը բացատրում է Հայաստանի արտգործնախարար Արմեն Բայբուրդյանը. «Փաստը ցույց է տալիս, որ այն երկրներում, որտեղ նկարահանվում են Բոլիվուդի ֆիլմերը, որպես կանոն այնտեղ մեծանում է զբոսաշրջիկների հոսքը: Բացի նրանից, որ Հնդկաստանում կա 1 միլիարդից ավելի բնակչություն, հնդկական ֆիլմեր ամբողջ աշխարհում նայում է եւս 1,5 միլիարդ մարդ»:
45 բոլիվուդյան ֆիլմերի պրոդյուսեր Մուքեշ Բաթթը նշում է, որ իր այդ ֆիլմերից 27-ը նկարահանել է օտար երկրներում. «Ինչպես բոլորը գիտեն, որ տիեզերք առաջինը գնաց Գագարինը, այնպես էլ ես եմ ուզում լինել Գագարին՝ առաջինը ֆիլմեր նկարահանելով Հայաստանում: Ինձանից հետո շատերը կսկսեն ֆիլմեր նկարահանել այստեղ»:
Ի դեպ, ցանկությունը դեռ գործի կեսն է: Ֆիլմերի նկարահանումները սկսելուց առաջ դեռ կան խնդիրներ: Օրինակ՝ չկա ուղիղ չվերթ: Նշվել է, որ շատ շուտով այդ խնդիրը կլուծվի, իսկ նկարահանող խումբն էլ Հայաստանում կապահովվի անհրաժեշտ տեխնիկայով եւ անպայման չէ, որ Բոլիվուդից իր հետ բերի բոլոր մանրուքները: «Սիրո պատմությունը Հայաստանի եւ Հդկաստանի միջեւ կսկսվի»,- խոստացավ Բոլիվուդի պրոդյուսերը:
Ինչ վերաբերում է այլ ոլորտներում հայ- հնդկական համագործակցությանն, ապա 2005 թվականի ընթացքում ապրանքաշրջանառության ծավալն աճել է 70%-ով, ընդ որում, Հնդկաստանից Հայաստան ներկրվել է 11 միլիոն դոլարի արտադրանք, իսկ Հայաստանից Հնդկաստան՝ 400 հազար դոլարի: Պարոն Բայբուրդյանը միանգամից փորձեց բացատրել, որ արտահանման երկու ձեւ կա՝ ուղիղ եւ անուղղակի: Նշված 400 հազարը գոյացել է ուղիղ ներկրման արդյունքում: «Բայց բազմաթիվ ապրանքներ Հնդկաստան են հասնում այլ երկրներից, դրա համար էլ ծագման վայրը արտացոլված չէ»,- ասում է փոխարտգործնախարարը: