Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԷՐՄԻՏԱԺԻ ՏՆՕՐԵՆԸ ԱՅՑԵԼԵԼ Է ԾՆՆԴԱՎԱՅՐ ԵՐԵՒԱՆ

Մշակույթ

«Դեմոկրատիայի կովկասյան ինստիտուտի» հրավերով չորսօրյա այցով Երեւանում է Ռուսաստանի պետական Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին:

Կարոտով է եկել Երեւան, որտեղ ծնվել Է եւ երկար տարիներ ապրել Զաքյան-2 հասցեում: Թեեւ շատ բան է փոխվել մայրաքաղաքում, սակայն նա այն կարծիքին է, որ Երեւանն իր դեմքը չի կորցրել ու մնացել է իր ոճի մեջ:

Հայերեն խոսել չի մոռացել, իսկ անձնագրում էլ ծննդավայրի անունը շարունակում է մնալ Երեւան քաղաքը: Հպարտությամբ է ասում, որ աղջիկը եւ ասուլիսին ներկա գտնվող որդին՝ Բորիսը, դաստիարակվել են հայկական ավանդույթներով: Իսկ դա, ըստ Միխայիլ Պիոտրովսկու, իր մոր՝ Հռիփսիմե Ջանփոլադյանի շնորհքն է: Այսօր նրա հիշատակի հավերժացման համար նրանց նախկին տան մուտքի վրա տեղադրվեց հուշատախտակ:

Իսկ մինչ այդ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա անդրադարձավ իր այցի նպատակներին եւ մշակութային արժեքների պահպանությանն ընդհանրապես: Մասնավորապես` նա խոսեց Նոր Ջուղայի խաչքարերի ոչնչացման մասին, որը բնորոշեց իբրեւ հանցագործություն. «Մոսկվայում, Պետերբուրգում եւս բարձիթողի են արված պատմական հուշարձանները: Պետք է վերջապես բոլորը հասկանան, որ մշակութային պատմական արժեքները պատկանում են բոլորին եւ ազգություն չեն ճանաչում»:

Ռուսաստանում Հայկական մշակույթի օրերի բացման արարողության ժամանակ Էրմիտաժի Ապոլլոն սրահում ներկայցվել են Էջմիածնի գանձերը, որոնք հետո Պետերբուգից ցուցադրման նպատակով Մոսկվա են տեղափոխվել: Այս տարվա վերջին նաեւ Էրմիտաժում կբացվի Հայ-Ուրարտական նոր սրահ, քանի որ, ըստ նրա, Ուրարտուն ոչ միայն հայկական է, այն համամարդկային մշակույթների սկզբնաղբյուր է: Իսկ վերջերս էլ Էրմիտաժի ցուցասրահի համար ձեռք Է բերվել հայ գեղանկարչական մի աշխատանք:

Միխայիլ Պիոտրովսկին համոզված է. որ ճիշտ ժամանակին է եկել Հայաստան, քանի որ Ռուսաստանը նախաձեռում է մշակութային նոր ծրագրերի իրականացում հարեւան պետությունների հետ: Իր այցի նպատակը բնորոշեց իբրեւ ուսումնավերլուծական, իսկ արդյունքները կախված կլինեն այն հանդիպումներից, որոնք ծրագրել է այցելության չորս օրերի ընթացքում՝ հանդիպում Ռոբերտ Քոչարյանի, Ամենայն Հայոց կաթողիկոսի եւ տարբեր թանգարանների տնօրենների հետ: