Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նորակառույցներն ավելի սեյսմակայուն են, քան մինչ երկրաշարժը կառուցված տները (տեսանյութ)

Հասարակություն
earthquacke1

Նորակառույց շենքերը ավելի կայուն են, քան նրանք, որոնք կառուցվել են մինչեւ երկրաշարժը: Համոզված է Տարածքային կառավարման եւ Արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության ծառայության» գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանը: «Մասնավորապես Երեւան քաղաքում շինարարները պարտավոր են կառուցել 9 բալ սեյսմիկ անվտանգության համար»,- այսօր «Ա1+»-ին ասաց նա: «Կարող են լինել խախտումներ նախագծման, շենքերի կառուցման ժամանակ, ժամանակացույցը կարող է խախտվել, հետո հետկառուցվածքային շահագործումն է կարեւոր: Մեր ժողովուրդը սիրում է չէ փոփոխություններ մտցնի շենքերում, շատերը իրենց համարում են ճարտարապետներ եւ շինարարներ եւ իրենց շենքերում կատարում են փոփոխություններ»,- ասում է «Սեյսմիկ պաշտպանության ծառայության» գործակալության պետը : Պարոն Պետրոսյանն այսօր մասնակցում էր 2015-2030 թթ. աղետների ռիսկերի նվազեցման Սենդայի գործողությունների ծրագրի ներկայացմանը: ՏԿԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, Սենդայի գործողությունների ծրագրի ազգային համակարգող Նիկոլայ Գրիգորյանի խոսքերով՝ ծրագրով նախատեսվում է ոչ միայն առկա ռիսկերի նվազեցման գործողություններ, այլեւ այն ռիսկերի նվազեցումը, որոնք վաղն են գալու: «Մեր գլխավոր ռիսկը սեյսմիկ ռիսկն է, եւ այս երկիրը իր բոլոր կառույցներով, բնակիչներով պետք է պատրաստ լինի հետագայում եկող հաջորդ փորձությանը, որի անունն է երկրաշարժ»,- ասում է Նիկոլայ Գրիգորյանը: Հիշեցնենք, որ 2015 թ. մարտին Ճապոնիայի Սենդայ քաղաքում հավաքված մոտ 7000 մարդ ընդունել են հետագա 15 տարվա` 2015-2030թթ. աղետների ռիսկի նվազեցման Սենդայի Գործողությունների Ծրագիրը (ՍԳԾ): Նպատակն է ներդնել աղետների ռիսկի կառավարումը զարգացման ոլորտի բոլոր մակարդակներում` ակնկալելով ունենալ աղետների ռիսկի եւ կյանքի, ապրուստի եւ առողջության, ինչպես նաեւ մարդկանց, ձեռնարկությունների, համայնքների եւ պետությունների տնտեսական, ֆիզիկական, սոցիալական, մշակութային եւ բնապահպանական կորուստների էական նվազում: