Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԹԱՆԳԱՐԱՆՆ ՈՒՆԻ ԲԱՆԱԿԻ ՉԱՓ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Մշակույթ

Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին այսօր հանդիպում-սեմինար անցկացրեց Հայ-Սլավոնական համալսարանի ուսանողության հետ:

Համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի կողմից նրան շնորհվեց բուհի պատվավոր պրոֆեսորի կոչում եւ պատվոգիր: Պատվոգիրը հանձնեց համալսարանի պրոռեկտոր Պարգեւ Ավետիսյանը, որն իր խոսքում նշեց, որ այսուհետ երկկողմ համագործակցությունը էլ ավելի ամուր հիմքերի վրա կդրվի: Նա նաեւ համալսարանի կողմից Միխայիլ Պիոտրովսկուն հանձնեց նամակ-փաթեթ, որոնցում նախանշվում են համագործակցության ուղիները:

Միխայիլ Պիոտրովսկին իր կողմից համալսարանի թանգարանին նվիրեց Էրմիտաժին եւ արեւելյան քրիստոնեությանը նվիրված երեք գրքեր:

«Էքսկուրս Էրմիտաժի պատմության էջերով». սա էր այսօրվա դասախոսության թեման: Միխայիլ Պիոտրովսկին անդրադարձավ Էրմիտաժի առավել ազդեցիկ եւ արժանահիշատակ ցուցասրահներին, ցուցանմուշներին, պատմական իրադարձություններին ու անձանց: Օրինակ՝ Եկատերինա Մեծի ժամանակաշրջանին պատկանող թղթախաղի մի սեղանի մասին պատմեց, որ դրա վրա գումարի փոխարեն խաղացել են ադամանդներով:

Եկատերինա Մեծին է պատկանում նաեւ այն միտքը, որ «թանգարան ունենալը երկրի համար նույնքան կարեւոր է, որքան բանակը եւ պետականությունը»: «Էրմիտաժ մտնելիս մարդ կարողանում է կտրվել դրսի աշխարհից եւ մտածել առավել կարեւոր հարցերի մասին»,-ասաց Միխայիլ Պիոտրովսկին: Նա նշեց, որ Էրմիտաժն իր եւ իր ընտանիքի համար անբաժան մի մաս է, քանի որ երեխաները իրենց մասնագիտություններով այս կամ այն չափով առնչվում են թանգարանային գործին:

Իսկ հանդիպման մասնակից ուսանողների համար այս հանդիպումը առիթ էր մտովի անցնել Էրմիտաժի ցուցասրահներով: «Եղել եմ Էրմիտաժում, սակայն այսքան մանրամասններ չգիտեի նրա մասին: Չգիտեի նաեւ, որ նշանավոր թանգարանի տնօրենը կիսով չափ հայ է եւ այսքան բան գիտե մեր մշակույթի մասին»,- ասաց տնտեսագիտության բաժնի առաջին կուրսի ուսանողուհի Անժելա Հովհաննիսյանը: «Էրմիտաժում չեմ եղել, սակայն այս հանդիպումը ինձ շահագրգռեց անպայման մոտակա ժամանակահատվածում լինել այնտեղ»,- նշեց բանասիրության չորրորդ կուրսի ուսանողուհի Լիանան:

«Վերջին տասնհինգ տարների ընթացքում Էրմիտաժի ոչ մի տնօրեն չէր եկել Անդրկովկաս: Այս այցը մեր երկիր ոգեւորիչ է եւ հեռանկարային»,- ընդգծեց այցի կազմակերպիչ «Ժողովրդավարության կովկասյան ինստիտուտի» տնօրեն Արմենիկա Կիվիրյանը: