Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արմավիրի 10 դպրոցներ դեռևս չեն աշխատում (տեսանյութ)

Հասարակություն
Diana-nkar-Narine-Hovhannisyan

Փետրվարի 1-ից հանրապետության ողջ տարածքում վերսկսվել է ուսումնական պրոցեսը: ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ դասաժամերի վերսկսման կապակցությամբ արձագանք է ստացվել միայն Արմավիրի մարզի տասը դպրոցներից, որոնք չեն աշխատում: «Դրանք հեղուկ վառելանյութով ջեռուցվող դպրոցներն են և հնարավոր չեղավ անհրաժեշտ ջերմաստիճան ապահովել: Տվյալ դպրոցների համար կունենանք առանձին վերաբերմունք՝ բաց թողած դասաժամերը լրացնելու համար»,-ասաց տիկին Հովհաննիսյանը և հավելեց, որ այդ դպրոցներում դասաժամերը կվերսկսվեն գալիք երկուշաբթի օրվանից: Անդրադառնալով աշակերտների հաճախումներին ՝ տիկին Հովհաննիսյանը նշեց, որ երեկ և այսօր բացակայությունների թիվը կազմել է շուրջ 20-30 %, ինչը պայմանավորված է նրանով, որ աշակերտների մի մասը դեռ ամբողջապես չի կազդուրվել: «Կան երեխաներ, որ ուղղակի անհանգիստ են եղել կամ դեռ նոր են հիվանդացած եղել, ծնողների կողմից էլ ճշտումներ են եղել, թե դպրոցներն ինչ վիճակում են: Բոլոր դպրոցներում կան բուժքույրեր, մեծ դպրոցներում՝ նույնիսկ երկու բուժքույր է աշխատում: Պայմանավորվել ենք, որ այդ բացակայությունները խնդիրներ չառաջացնեն: Առաջիկա երեք օրերին բացակայություններ չեն դրվի, այնուհետ կարծում եմ, որ կսկսվի նորմալ աշխատանք և ջեռուցումն էլ կավելանա»: Բանախոսի փոխանցմամբ՝ գարնանային արձակուրդներ չեն լինելու, իսկ բաց թողնված դասերը կլրացվեն մինչ ապրիլի 10-ը՝ հավելյալ դասաժամերի և շաբաթ օրերի միջոցով, իսկ Արմավիրի մարզի այդ 10 դպրոցները բաց թողածը կլրացնեն մինչև ապրիլի վերջ: «Ա1+»-ի այն հարցին, թե աշակերտների համար դժվարություններ չե՞ն առաջացել արձակուրդից հետո կրկին ուսումնական պրոցեսին վերադառնալու առումով, տիկին Հովհաննիսյանը պատասխանեց. «Երկու շաբաթն այնքան էլ երկար չէ, և քանի որ նաև լրացուցիչ պարապմունքներով ենք լրացնելու, որևէ խնդիր չի առաջացնում»: Անդրադառնալով նաև հեռավար ուսուցմանը՝ բանախոսը շեշտեց. «Մենք դեռ պատրաստ չենք հեռավար ուսուցման, որովհետև ոչ բոլոր տեղերում կայուն վիճակ կա՝ կապված այդ գործընթացը կազմակերպելու հետ: Դա բավականին լուրջ խնդիրներ ունի՝ կայուն ինտերնետ կապ, բոլոր տներում, անպայման, համակարգիչ պետք է լինի, իսկ ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ ոչ բոլոր երեխաներն են տանը օգտվում համակարգչից, իսկ այսօր ավելի շատ մենք ուզում ենք, որ երեխաները դպրոց հաճախեն: Դպրոցը միայն ուսման համար չէ, այլ նաև ուրիշ խնդիրներ էլ է լուծում: Իսկ եթե երեխան երկարատև ժամանակ հիվանդ է լինում, ապա կազմակերպվում է ոչ թե հեռավար, այլ տնային ուսուցում»: