Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՆԱՀԱՏՎՈՒՄ ԵՆ

Մշակույթ

Այսուհետ իբրեւ վաստակավոր արտիստ է ներկայանալու Երեւանի կամերային պետական թատրոնի դերասան Հրանտ Թոխատյանը: Կոչումն, անշուշտ, նա վաստակել է 4 տարի առաջ` 2002 թվականին «Շարմ» ընկերության կազմում մասնակցելով «Ա1+»-ի եթերազրկմանն ուղղված գործընթացին:

Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով ՀՀ պատվավոր կոչումներ են շնորհվել թատերարվեստի մի խումբ գործիչների` թատերական արվեստի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի եւ Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ: Ժողովրդական արտիստի կոչում է շնորհվել օպերային երգիչ Բարսեղ Թումանյանին, վաստակավոր արտիստի` Երեւանի Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Հովհաննես Բաբախանյանին, Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային պետական թատրոնի դերասան Դերենիկ Մարտիրոսյանին, «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի դերասանուհի Լալա Մնացականյանին եւ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր խմբավար Կարեն Սարգսյանին:

Արվեստի վաստակավոր գործչի կոչում են ստացել թատերագետ Վարսենիկ Գրիգորյանը, Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավար-տնօրեն Հակոբ Ղազանչյանը, իսկ մշակույթի վաստակավոր գործչի` Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնի գլխավոր նկարիչ Գրիշա Սահակյանը:

Մեկ այլ հրամանագրով Մովսես Խորենացու մեդալով է պարգեւատրվել Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Կամո Արզումանյանը: