Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԱՐՏԱՎԱԶԴ» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ` ԿԱՊԱՆՈՒՄ

Մշակույթ

Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ Թատերական գործիչների միության կողմից միջոցառում է նախատեսվում Կապան քաղաքում: Թատերական աշխարհի շուրջ 70 ներկայցուցիչներ մեկնել են այնտեղ: «Այս տարի ոչ միայն մայրաքաղաքում, այլեւ շրջանների ժողովրդին կամենում ենք մասնակից դարձնել միջոցառումներին»,- ասում է Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի տնօրեն Ստեփան Դավթյանը:

Կապանում անցկացվելու է «Արտավազդ» մրցանակաբաշխությունը, որը սահմանել է Թատերական գործիչների միությունը: Մրցանակը տրվում է լավագույն դերասանի, ռեժիսորի, էպիզոդիկ կերպարի եւ այլնի համար:

Վաղը՝ մարտի 28-ին, լրանում է Կապանի թատրոնի 70 ամյակը: Սունդուկյանցիները նույնպես իրենց պատվիրակությամբ կլինեն այնտեղ, կմասնակցեն համապատասխան միջոցառումներին: «Ես եւ գեղարվեստական ղեկավարը չենք կարողացել գնալ, քանի որ վաղը չէ մյուս օրը նույնպես պատրաստվում ենք եւս եւ տոնի հետ կապված, եւ Աճեմյանական տարին ավարտվելու հետ կապված, «Պատվի համար» ներկայացմանը»,- ասում է մայր թատրոնի տնօրենը:

Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում պատրաստվել է 9 նոր ներկայացում, որոնց համար ծախսվել է մոտ 30 միլիոն դրամ: Ներկայացումների մեջ կան եւ ժամանակակից հեղինակներ, եւ դասականներ: Այս տարի լրանում է Վարդանաց տոնի 1 555 ամյակը, որի կապակցությամբ արդեն թատրոնում աշխատանքներ են սկվսել:

Ի դեպ, այս տարի լրանում է Մետաքսյա Սիմոնյանի 80 ամյակը: Սունդուկյանի անվան թատրոնում հոբելյանական մեծ երեկո անելու փոխարեն այլ միջոցառումներ են նախատեսվում. «Ինչ պետությունը մեզ ֆինանսավորելու է, մենք առաջարկություն ենք ներկայացրել կառավարությանը, երեկոյի փոխարեն Սունդուկյանի բեմը տրամադրել բոլոր հայ թատրոններին՝ եւ Արցախի, եւ Թբիլիսիի, եւ Կապանի, եւ Գորիսի, եւ Էջմիածնի եւ այլն: Տրամադրում ենք բոլորին հերթով եւ այսպես դեկադա նվիրված Մետաքսյա Սիմոնյանի 80 ամյակին, որ իրենք ելույթ ունենան մայր բեմում»: