Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԸ ԿՈՐՑՆՈՒՄ Է ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻՆ

Մշակույթ

Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի տնօրեն Ստեփան Դավթյանն այն կարծիքին չէ, որ այսօր թատրոնում հանդիսատես չկա:

Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնը 950 տեղանոց դահլիճ ունի, բայց միջին ծանրաբեռնվածությունը 43 տոկոս է: «Իմ անձնական կարծիքով՝ այսօր դա քիչ չէ: Հաշվի առնելով, որ Հայասատանում մենք ունենք 25-ից ավելի պետական թատրոններ, եւ հանդիսատես կոչվող մեր հասարակության անդամները միայն թատրոն չեն գնում, միայն թատրոնի հանդիսատես չեն, նաեւ համերգի, կինոյի հանդիսատես են: Այդ հանդիսատեսին, բոլորին պետք է կարողանանք ապահովել իրենց պահանջմունքները»,- գտնում է նա:

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ 90-ական թվականներին թատրոն հաճախողների թիվը շեշտակի իջել է, մինչդեռ վերջին տարիներին կամաց- կամաց շատանում է: Ստեփան Դավթյանը պարզաբանում է. «360 հազար հանդիսատեսի հնարավորություն ունի Երեւան քաղաքը, բայց Երեւան քաղաքում այսօր բնակվում է 800 հազար մարդ, որից, եթե հանենք ծերերին, հաշմանդամներին, որովհետեւ, ցավոք սրտի, ոչ մի թատրոն հաշմանդամների համար չի տեղայնացված, երեխաներին, սոցիալապես անապահովներին, գուցե տակը 300 հազար մարդ չմնա, որտեղի՞ց 360 հազար հանդիսատես գտնենք Երեւանի համար: Ամեն ներկայացմանը միջինացված լինում է 450 մարդ»:

Թատրոնում դերասանն այսօր ստանում է միջինը 30 հազար աշխատավարձ: Նշենք, որ պետությունը ֆինանսավորում է 27 թատրոն: «Ի՞նչ բավարարի մասին է խոսքը, եթե Վարդուհի Վարդերեսյանի նման, ողջ հայության համար մեկ դերասանուհին, ստանում է 45-50 հազար դրամ: Ֆինանսապես կայացած հզոր երկիր վերցնենք, օրինակ Ֆրանսիան, 1-2 թատրոնն է ընդհամենը պետական: Ես ինձ իրավունք չեմ վերապահում ասել, որ 27-ը դարձրեք 3 կամ 17: Իմ կարծիքով՝ 27-ի անհրաժեշտություն չկա: Կան թատրոններ, որոնք կարող ենք հանգիստ սեփականաշնորհվել եւ նորմալ պահել ինքնաֆինանսավորմամբ: Մենք էլ ենք նաեւ ինքնաֆինանսավերման վրա նստած, միայն բյուջեի վրա չենք»,- ասում է Ստեփան Դավթյանը: