ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ ԴՊՐՈՑԻ ՏՈՆՆ ԵՆՔ ՆՇՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինԱյս տարի լրանում է Ալեքսանդր Սպենդիարյանի 175 ամյակը, ինչպես նաեւ համանուն երաժշտական մասնագիտական դպրոցի 75 ամյակը: Այդ առթիվ Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցը Երեւանի քաղաքապետարանի տրամադրած 2 միլիոն դրամի շրջանակներում կազմակերպել է միջոցառումների շարք: Այսօր այդ մասին տեղեկացրեց դպրոցի տնօրեն Սամվել Սահակյանը:
Միջոցառումների բացումը եղել է մարտի 20-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում, իսկ հանդիսության փակումը կլինի ապրիլի 13-ին Օպերայի թատրոնում:
Երաժշտական մասնագիտական դպրոց են հաճախում 530 սաներ, իսկ մինչ օրս հաճախել են 5 000-ը: Երաժշտարվեստի գրեթե բոլոր մեծերը՝ Ալեքսանդր Հարությունյանը, Էդվարդ Միրզոյանը, Առնո Բաբաջանյանը, Ռոբերտ Ամիրխանյանը, Մարտին Վարդազարյանը եւ շատ-շատ ուրիշներ, սովորել են այս դպրոցում, քանի որ այն միակն է եղել: Ինչպես հավաստում է Սամվել Սահակյանը, հետագայում մի ստվար հատված Երեւանի Պետական Կոնսերվատորիայի դասախոսական կազմի կորիզը դարձան:
Ինչպես ցանկացած հաստատությունում, այնպես էլ այս դպրոցում կան նաեւ խնդիրներ: «Եթե նախկինում պետությունն էր հոգում դպրոցի համար, ապա այսօր սաների վարձերի բարձրացմամբ ենք հոգում ծախսերը, իսկ ուսանողները չեն դիմանում հարաճուն տեմպերին, դուրս են գալիս: Սա բերում է դասախոսների կրճատման, որ քիչ աշխատավարձ տանք: Դիմել ենք քաղաքապետարան, որը ընդառաջել է որոշ կարիքավոր երեխաների համար զեղչեր սահմանել»,- պատմում է պարոն Սահակյանը:
Դպրոցն ունի նաեւ ջեռուցման խնդիր. եւ ուսանողները չեն կարողանում սառը լսարաններում նվագել, եւ գործիքներն են փչանում: Սամվել Սահակյանը նշեց, որ 30 տարի է, ինչ երաժշտական դպրոցները ստացել են նոր գործիքներ: Այդ հարցով իրենք բանակցում են տարբեր ատյանների հետ:
Ի դեպ, մեթոդական ծրագրերում եւս փոփոխություններ չեն արվել, ինչը Սամվել Սահակյանի բնորոշմամբ՝ ճիշտ է: «Բախը, Մոցարտը մեծ կոմպոզիտորներ են: Եթե փոփոխություն անենք, պետք է մեր դասավանդման ցանկում տեղ գտնեն հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ: Գրքեր էլ չեն հրատարակվում, պետք է հինը վերահրատարակել»,- ասում է նա:
Ըստ Սահակյանի՝ մոդայիկ երեւույթների հետ կապված տարօրինակ բան է կատարվում, Կոնսերվատորիա են դիմում 80 մարդ վոկալ բաժնի համար եւ նույն քանակությամբ` մնացած բոլոր բաժինների համար: «Թող երգեն, թող պարեն, դրանից ինչ ողբերգություն: Միայն դասական երաժշտություն է շատ քիչ տրվում եթերում: Շատ հզոր կրթական սիսթեմ ունենք, եթե, Աստված մի արասցե, խաթարվի, հնարավոր չէ վերականգնել»,- հավելում է Սամվել Սահակյանը: